ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին․ Արսեն Հարությունյան

Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մասին հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ հավաքված հարազատներն ու երկրպագուները։
 
«Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին։ Ինձ համար շատ կարևոր էր, որ երրորդ անգամ նվաճեմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ու այս առաջնությունն առանձնացնում եմ, որովհետև եզրափակիչում այնպիսի մարզիկի հետ էի մրցում (աշխարհի գործող չեմպիոնի. խմբ), որ հա՛մ ես ինքս ինձ բան ունեի ապացուցելու, հա՛մ բոլորին»,– ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցերին։
 
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի համար էլ Զագրեբում նվաճած ոսկին կարևոր էր, քանի որ առաջինն էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Նա առանձնացրեց ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտը և շեշտեց` ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի էր, այլ ավելի լարված էր ու ծանրաբեռնված։
 
«Պատվո հարթակին շատ աննկարագրելի զգացումներ էին, որովհետև մեր հիմն էր հնչում, մեր եռագույն էր բարձրանում։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ Հաղթանակս նվիրում եմ իմ ժողովրդին։ Հաջորդ նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն է և աշխարհի չեմպիոն դառնալը»,– ավելացրեց նա։

  • Կիսվել: