երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաղթանակս ԱԱ-ում նվիրում եմ պապիկիս․ Սուրեն Աղաջանյան

Հաղթանակս ԱԱ-ում նվիրում եմ պապիկիս․ Սուրեն Աղաջանյան

Երբ փոքր էի, պապիկս միշտ ասում էր, որ ես պետք է աշխարհի չեմպիոն դառնամ: Ինձ համար շատ կարեւոր է, որ կարողացա նրա ցանկությունն իրականություն դարձնել: Այս շրջանում պապիկս մի փոքր վատառողջ է: Հաղթանակս նվիրում եմ նրան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հորդանանից ասաց երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, 20-ամյա Սուրեն Աղաջանյանը:

Օգոստոսի 20-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճեց չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ հնդիկ Սումիթ Սումիթի նկատմամբ: Ոսկե մեդալի ճանապարհի Աղաջանյանը 5 հաղթանակ ունեցավ:

Որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գորկա Գրացիա Գարիջոյին: 1/8 եզրափակիչում 6:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Իլիկ Գուրբանովին: Քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով առավելության էր հասել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրեվանիձեի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիրլան Դուիշենալիեւին:

Սուրեն, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններով ես վերադառնում հայրենիք:

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Երբ նոր ես դառնում չեմպիոն, այդ պահին չես գիտակցում, թե ինչ ես արել: Ես այդպես դեռ չեմ գիտակցում: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց, մարդկանց արձագանքներից երեւի կհասկանամ, թե ինչ է եղել, ինչպես է եղել, ինչ հաջողություն եմ գրանցել իմ մարզական կարիերայում: Դեռ չեմ հավատում: Երբ նայում եմ ոսկե մեդալին, գոտիին, ասես, անհավատալի է, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել:

Նախորդ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հասնում էիր եզրափակիչ եւ պարտվում: Ի՞նչն էր պակասում: Ամմանի մրցագորգում հավատո՞ւմ էիր, որ այս անգամ եզրափակիչում քո ձեռքն են բարձրացնելու:

Անցած տարի աշխարհի առաջնության եզրափակիչում շատ ծանր պարտություն էի ունեցել: Վերջին 20 վայրկյանին միավոր տվեցի մրցակցիս եւ հավասար հաշվով պարտվեցի: Այս տարի միայն մեկ նպատակ ունեի՝ հասնել մինչեւ եզրափակիչ, չսխալվել եւ հաղթել:

Շատ դժվարությունների միջով եմ անցել մինչեւ այս հաղթանակը: Վնասվածք ունեի, պարտություններ եմ ունեցել այդ վնասվածքի պատճառով, որոշ չափով հետ ընկա մրցակիցներիցս: Այստեղ արդեն ամեն ինչ այլ էր, հաղթանակս շոշափելի էր թվում ինձ համար առաջին գոտեմարտից: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել բոլորին մեծ առավելությամբ եւ նվաճել տիտղոսը:

Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ զգացողություններ ունեցար:

Ինչպես բոլոր չեմպիոններն են ասում, ինձ համար էլ պարգեւատրման պահն աննկարագրելի էր: Ոգեւորություն էի զգում: Հանգստություն կար, որ հասել եմ «գագաթին»: Հպարտության զգացողություններ էին ինձ պատել: Ամեն ինչ միախառնված էր, իսկապես, անհնար է  նկարագրել:

Եզրափակիչ գոտեմարտը դիտարժան եւ լարված ստացվեց: Ի՞նչ կասես մրցակցիդ մասին:

Մրցակիցս ֆիզիկապես շատ ուժեղ ըմբիշ էր, բայց տեխնիկայով զիջում էր: 7:0 հաշվի ժամանակ ուրիշ հնարք էի ծրագրել անել, բայց չստացվեց եւ գոտեմարտն այլ ընթացք ստացավ. ես հայտնվեցի տուշեում: Կարողացա ներքեւում պաշտպանվել եւ թույլ չտալ, որ մրցավարը տուշե գրանցի: Մինչեւ օրս ես տուշեով պարտություն չունեմ: Ավելի բարդ իրավիճակներ են եղել, երբ տուշեից դուրս եմ եկել:

Երկու անգամ 4-միավորանոց հետ գցում հնարք արեցիր: Քեզ համար այդ գցում ոճն ես որդեգրե՞լ: 

Ինձ համար գոտեմարտելու ոճ որպես այդպիսին ընտրել եմ շատ հնարքներ անելը, որոնց թվում նաեւ հետ գցումներն են: Յուրաքանչյուր գոտեմարտում փորձում եմ առավելագույնս հնարքներ անել: Մնացած գոտեմարտերումս էլ գրեթե բոլորում հետ գցումներ եմ անում:

Ոսկե մեդալի ճանապարհին 5 հաղթանակ ունեցար, բոլորը խոշոր հաշիվներով: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես: Ո՞րը բարդ տրվեց:

Բարդ ստացվեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի ըմբիշի հետ քառորդ եզրափակիչը: Մեկ ամիս առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էի Անրի Խոզրեվանիձեին, եւ նա նվաճել էր չեմպիոնի կոչումը: Այստեղ ինձանից 4 րոպե պահանջվեց նրան 9:0 հաշվով հաղթելու համար: Եվրոպայի առաջնությանն այդքան լավ չէի պատրաստվել, չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, որովհետեւ մեկ շաբաթ ժամանակ ունեի վնասվածքից վերականգնվելուց հետո:

Ուժեղ մրցակից էր նաեւ ադբրեջանցի ըմբիշը: Շատ դժվար գոտեմարտ ունեցա նրա հետ: Ի դեպ, ինձ պարտվելուց հետո Գուրբանովը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց վրացի Խոզրեվանիձեին:

Քանի՞ տարեկանից ես զբաղվում ըմբշամարտով, ո՞վ է եղել քո առաջին մարզիչը:

Ես Էջմիածնից եմ: Ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Առաջին քայլերս արել եմ  Էջմիածնի մարզադպրոցում: Մարզիչս եղել է Ժորա Վարդանյանը: Հետագայում նրան է միացել նաեւ ազգային հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Այժմ նրանք երկուսն են իմ անձնական մարզիչները: Ներկայացնում եմ Էջմիածնի մարզադպրոցը, զուգահեռ մարզվում եւ ներկայացնում եմ նաեւ Երեւանի Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցը:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Երբ փոքր էի, պապիկս միշտ ասում էր, որ ես պետք է աշխարհի չեմպիոն դառնամ: Միշտ նա է ուզել ինձ տեսել աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Մինչեւ վերջերս մենք այդ մասին խոսել ենք: Ինձ համար շատ կարեւոր է, որ ես կարողացա նրա ցանկությունն իրականություն դարձնել եւ նվաճել բաղձալի տիտղոսը, գոտին: Այս շրջանում պապիկս մի փոքր վատառողջ է: Հաղթանակս նվիրում եմ նրան: 

  • Կիսվել: