կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատում Հայաստանում ընթացող Եվրոպայի առաջնությունը

Գերմանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատում Հայաստանում ընթացող Եվրոպայի առաջնությունը

Գերմանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Ֆլորիան Սպերլը բարձր է գնահատում Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքները՝  նշելով, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մասնակից հավաքականները կարողանան անթերի մարզումներ անցկացնել ու մասնակցել առաջնությանը։

Ֆլորիան Սպերլն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․  

-Պարոն Սպերլ, սա Ձեր առաջին այցն էր Հայաստան։ Ի՞նչ պատկերացում եք կազմել մեր երկրի մասին։

 

-Այո, առաջին անգամն եմ այստեղ։ Նշեմ, որ ինձ շատ լավ են ընդունել։ Սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, նաև այստեղ՝ մարզահամերգային համալիրում բացառապես բարձրակարգ, առաջին կարգի հյուրընկալության եմ արժանացել։  Շատ զգացված եմ հայաստանցիների ջերմ վերաբերմունքից, դուք շատ բաց և բարի ազգ եք։ Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում, մտածում եմ նաև հաջորդ այցիս մասին, որը կլինի ոչ միայն աշխատանքային, այլ՝ հանգստի նպատակով։

 

-Դուք եղել եք աշխարհի շատ երկրներում, մասնակցել շատ առաջնությունների։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք տանել։

-Մինչև Հայաստան գալը ես հասցրել էի պաշտոնական կայքէջի միջոցով ծանոթանալ, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել Հայաստանում, այդ թվում՝ մարքեթինգային աշխատանքը։ Տպավորիչ աշխատանք էր։ Օրինակ, տոմսերի օնլայն վաճառքը, նաև մետրոյի վագոններում տեղադրված ծանրաձողերը շատ հետաքրքիր կերպով են ներկայացվել։ Ես դեռ նման բան չէի տեսել։ Ամեն քայլափոխի նաև տեղադրված են միջոցառման մասին պատմող վահանակներ, ինչը շատ կարևոր է։ Ես միանշանակ կարող եմ փաստել, որ Հայաստանում ամենուր այս տրամադրությունն է, Հայաստանը սպորտային երկիր է, այստեղ բոլորը տեղյակ են այս մարզաձևից։ Ի դեպ, ես խոսում եմ ոչ միայն իմ սեփական զգացումների, այլ ներկայացնում եմ մեր հավաքականի կարծիքն էլ․ սկսած ուղևորափոխադրումից՝ մինչև հարթակ բարձրանալը մեր հավաքականը ոչ մի խնդիր չի ունեցել։ Ամեն ինչ արվել է, որ հավաքականները կարողանան անթերի մարզվեն և մասնակցեն մրցումներին։

 

-Իսկ կա՞ն խնդիրներ, որոնց մասին խոսում են ձեր հավաքականի անդամները։

-Չեմ կարող որևէ խնդիր առանձնացնել, չի եղել նման դեպք։ Ի դեպ, այստեղ շատ են նաև անվտանգության աշխատակիցները։ Ես դեռ որևէ միջոցառման ժամանակ նման քանակի անվտանգության աշխատակից չէի տեսել։ Դա շատ լավ է, խոսում է այն մասին, որ այստեղ հաշվի են առնված բոլոր տեսակի ռիսկերը, որ հանկարծ որևէ խնդիր չառաջանա։ Ինչպես արդեն նշեցի՝ մեր հավաքականը իրեն շատ լավ է զգում Հայաստանում և որևէ խնդիր չունի։

-Ըստ Ձեզ, ընդունելով այս առաջնությունը, Հայաստանում կարո՞ղ են նմանօրինակ այլ միջոցառումներ էլ կազմակերպվել։

-Այն, ինչ տեսել եմ ես այստեղ, դա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարող է նաև ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել։ Ես դրական ազդակներ ստանում եմ նաև այս պահին Գերմանիայում գտնվող այն գործընկերներիցս, ովքեր հետևում են միջոցառմանը։ Գիտե՞ք, միշտ չէ որ Եվրոպայի առաջնությունները նման պայմաններում են անցկացվում։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում Հայաստանի հավաքականին, ոչ միայն այս միջոցառման, այլ նաև Օլիմպիական խաղերի ժամանակ, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին և բոլոր այն անձանց, ում ջանքերով մրցաշարն իրականություն է դարձել։

  • Կիսվել: