երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ֆուտբոլիստները Քիշնև են մեկնել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով. «Արարատ-Արմենիա»

Ֆուտբոլիստները Քիշնև են մեկնել նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով. «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 23-ին գրել էինք, որ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել (ավելի փոքր ինքնաթիռ է ժամանել) օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չմեկնած ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։

Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։

Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:

  • Կիսվել: