հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանկոֆոնիայի մարզական խաղեր․ Հայաստանի թիմերի կազմերը

Ֆրանկոֆոնիայի մարզական խաղեր․ Հայաստանի թիմերի կազմերը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը։

5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվասպորտ մարզաձևերում:

Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է մրցավայր, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր վազք), Դավիթ Սարգսյանը (200 և 400 մետր վազք), Յանա Սարգսյանը (հեռացատկ և եռացատկ), Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք) և Մարիաննա Բաղյանը (100 և 200 մետր վազք)։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 5 մարզիկ է ընդգրկված՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ):

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Նախապատրաստվելով Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ ձյուդոիստները հուլիսի 8-20-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ:

Երկուական մարզիկ էլ ընդգրկված է հեծանվային սպորտի և սեղանի թենիսի թիմերում: Մրցավայր են մեկնել հեծանվորդներ Խաչիկ Շարյանը և Վահե Վիրաբյանը, սեղանի թենիսի ներկայացուցիչներ Ավետ Վասիլյանը և Ռիմա Խլղաթյանը:

 4 տարին մեկ անցկացվող Խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:

  • Կիսվել: