երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Ես պատրաստվել էի, որ ոսկե մեդալ նվաճեի»․ Արթուր Դավթյանը՝ հենացատկում հաղթանակի մասին

«Ես պատրաստվել էի, որ ոսկե մեդալ նվաճեի»․ Արթուր Դավթյանը՝ հենացատկում հաղթանակի մասին

«Ես ընդհանրապես չէի սպասում, որ կարող էի եզրափակիչ դուրս գալ: Ես ուղղակի իմ արածն արեցի: Եզրափակիչում մենք արդեն վարժությունը փոխեցինք, որ ավելի ստաբիլ ես կարողանամ վարժությունն անեմ: Հենացատկի հետ կապված ես պատրաստվել էի, որ ոսկե մեդալ նվաճեի, փառք Աստծո ստացվեց, դա միայն մեր աշխատանքը չէ, մեր մարզիչների հետ միասին աշխատեցինք, ես էլ եմ շատ շնորհակալ մեր մարզիչներից նաև ֆեդերացիայի նախագահից, որ ամեն ինչ անում են, որ այս մարզաձևը զարգանա»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ խոսելով մարզիկների հաղթանակների մասին՝ նշեց. «Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականների համար 2023թ-ի սկիզբն աննախադեպ ծանրաբեռնված էր։ Մրցումների էին մասնակցում, թե՛ մեծահասակները, թե՛ պատանիները։ Մրցումների ավարտից հետո մարզիկները լավագույնս հանդես եկան աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Սկզբում երիտասարդների ԱԱ–ն էր, դրանից հետո մեծահասակների ԵԱ-ը, երկուսն էլ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Մրցումների գնալիս մենք մեդալներ նախատեսել էինք, բայց դրանք մեր սպասելիքներից շատ եղան»,-հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Սերոբյանը նշեց, որ երիտասարդ մարմնամարզիկների հետ հիմա սկսում են պատրաստվել ամռանը կայանալիք պատանիների օլիմպիական փառատոնին։

  • Կիսվել: