երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ Լալայան

Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը իր չեմպիոնությունը կարևոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

«Մենք չգիտեինք, որ Լաշան (խմբ․ Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձե) չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դա միայն ընթացքում պարզ դարձավ: Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգևորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է:  Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանը: 

Խոսելով պոկում վարժությունում իր գրանցած արդյունքից` Լալայանն առանձնացրեց, որ այս ձևում մոտեցումներն այդքան էլ լավ չստացվեցին, բայց հավելեց, որ հրում վարժությունում երկու մոտեցումները բավարար էին հաղթելու համար:

«Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»,-ընդգծեց նա

  • Կիսվել: