շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ես ամեն բան կանեմ, որ երկար մնամ «Ինտերում». Հենրիխ Մխիթարյան

Ես ամեն բան կանեմ, որ երկար մնամ «Ինտերում». Հենրիխ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ուզում է կարիերան ավարտել միլանյան թիմում։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է DAZN-ի հետ զրույցում։

«Հիանալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ինտերում»։ Այնուամենայնիվ, դա կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբից և նրանց պլաններից։ Ես ինձնից կախված ամեն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում»»,–ասել է Մխիթարյանը։

Նա ընդգծել է, որ նախորդ մրցաշրջանի սկուդետոյի համար հիանալի զգացողություններ է ունեցել, քանի որ դա Եվրոպայում իր առաջին լիգայի գավաթն էր։

«Հպարտ եմ, որ այս նախագծի և այս ընտանիքի մի մասն եմ»,–ասել է ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով` ինքն ու իր թիմը նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողություններով չեն սահմանափակվելու և առաջ են շարժվելու։

«Ուզում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել մեզ ու մեր երկրպագուներին երջանկացնելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք` նախորդ հարցազրույցում Մխիթարյանն ասել էր, որ «Ինտերը» ցանկանում է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև մտածում է 2025 թվականին կայանալիք աշխարհի ակումբային նոր առաջնության մասին, որին նախկինում արդեն մասնակցել է:

  • Կիսվել: