կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկու չեմպիոն՝ մեկ ռինգում․արցախցի մարզիկը միջազգային մրցաշարում կներկայացնեի Արցախն ու Մասիս համայնքը

Երկու չեմպիոն՝ մեկ ռինգում․արցախցի մարզիկը միջազգային մրցաշարում կներկայացնեի Արցախն ու Մասիս համայնքը

Արցախցի մարզիկ, աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը կմասնակցի փետրվարի 25-ին Երևանում նախատեսվող խառը մենամարտերի «MIX FIGHT 55» միջազգային մրցաշարին՝ ներկայացնելով Արցախը և Մասիս համայնքը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանը մանրամասնեց, որ ներկայում ընդգրկվել և մարզումները շարունակում է ՀՀ ԱրմՖայթինգի ֆեդերացիայի կազմում։

Երևանի «Միկա» մարզահամալիրում նախատեսվող մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 8 մենամարտ, որից նախավերջինում արցախցի մարզիկը հանդես կգա 57 կիլոգրամ քաշային կարգում՝ ընդդեմ չինացի մրցակցի, որը նույնպես չեմպիոնի տիտղոսակիր է։

Հայաստանի և Չինաստանի լավագույն մարզիկները խառը մենամարտերի այս մրցաշարում կպարգևատրվեն գավաթով, մեդալներով, պատվոգրերով ու դրամական պարգևներով։

Աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը, ով Արցախում նաև ընդհանուր մենամարտերի մարզաձևից մարզչական գործունեություն էր ծավալում, տեղեկացրեց, որ Մասիսի քաղաքապետի հովանավորությամբ նախատեսվում է քաղաքում մարզադպրոց բացել, որտեղ կմարզվեն ինչպես տեղացի, այնպես էլ այստեղ հաստատված արցախցի ընտանիքների երեխաները։

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև այս մրցաշարին նախապատրաստվելու  գործում, ինչի համար, օգտվելով ընձեռված հնարավորությունից,  կցանկանայի շնորհակալությունս հայտնել նրան»,-եզրափակեց Հայրապետյանը։

  • Կիսվել: