շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնն է, որ երբևէ տեսել եմ․ Դանիայի հավաքականի մարզիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնն է, որ երբևէ տեսել եմ․ Դանիայի հավաքականի մարզիչ

Դանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Անդերս Բենդիկսը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը դասում է ամենաբարձր մակարդակով անցկացվող առաջնությունների շարքին:

«Դեռևս շատ բան չենք տեսել Երևանում, բայց իսկապես վայելում ենք օրերն այստեղ: Մայրաքաղաքը իսկապես գեղեցիկ է: Իսկ ինչ վերաբերվում է կազմակերպչական աշխատանքներին, ապա սա լավագույն առաջնությունն է, որը ես տեսել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Դանիացի մասնագետի խոսքով` ինքը մասնակցել է 40-50 տարբեր առաջնությունների աշխարհի տարբեր երկրներում, և երևանյան առաջնությունը կազմակերպչական առումով բարձրակարգ է համարում բոլոր կողմերով հանդերձ, մասնավորապես՝ հանրահռչակման, մարզման պայմանների, կամավորների աշխատանքի, հյուրանոցների առումով:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, և այդ դեպքում իրենց համար հաճելի կլինի կրկին վերադառնալը։

Նրա խոսքով՝ Դանիան այնպիսի լավ ցուցանիշներ չունի ծանրամարտում, ինչպիսին ունի Հայաստանը, բայց իրենց նպատակ է ավելի ու լավ շատ փորձ կուտակել ու ծանրամարտում գրանցած արդյունքներով մոտենալ Հայաստանին ու այս մարզաձևից ուժեղ մյուս երկրներին:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է մոտ 40 երկրի 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

  • Կիսվել: