երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեւանում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը

Երեւանում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը

Երեւանի Orange Fitness ակումբում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցահարթակ դուրս եկան հաշմանդամային սպորտի եւ ուժային եռամարտի բաց առաջնության մասնակիցները: Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ մարզիկների պատրաստվածությունն ու արդյունքները գոհացնող են:

 «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկազնում է Հայաստանի ուժային եռամարտի առաջնությունը: Առաջին մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները, որոնք մասնակցում են սեղմում հենարանից մրցաձեւում, իսկ բաց առաջնության մարզիկները՝ ուժային եռամարտում»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:

Մարզիչի խոսքով, ոգեւորիչ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մարզվում են, այլեւ դառնում մարզիկներ:

«Եթե մենք 6 տարի առաջ տեսնում էինք, ուղղակի, սիմվոլիկ արդյունքներ եւ ձգտում արդյունքի հասնելու, հիմա ունենք փաստացի արդյունքներ: Շատ բարձր ցուցանիշներ են դրսեւորում հաշմանդամային սպորտի մարզիկները, ինչը փաստացի իրենց եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Ցանկացած սպորտում մարզիչի դերը կարեւոր է, հաշմանդամային սպորտում՝ առավել եւս»,- նշեց Սերգեյ Ասատուրովը:

Ըստ Ասատուրովի, այս տարի մրցումներում մարզերից եկած մարզիկների թիվն ավելի մեծ է: Մրցումներն անցկացվում են 2017 թվականից:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը նշում է՝ ամեն տարվա հետ գնում են դեպի կատարելագործման:

«Ամեն տարի փորձում ենք կատարելագործել՝ թե գործիքների առումով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, թե մարզիկներն են ավելի ոգեւորվում, անձնական արդյունքներն են զարգանում: Այս տարի, ի դեմս Սերգեյ Ասատուրովի, մենք առաջին անգամ ունենք միջազգային որակավորում ստացած մրցավար: Փորձում ենք ավելի զարգացնել, ավելի մոտիվացնել այս սպորտաձեւով զբաղվող մարզիկներին»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, ցավալի է, որ պատերազմների հետեւանքով ավելացել է զինհաշմանդամ մարզիկների թիվը, բայց ուրախ է, որ այս մրցումների կազմակերպումը նրանց մոտիվացնում է: Նա նշում է՝ հնարավորության դեպքում մարզիկները նաեւ արտերկրում են մասնակցում միջազգային մրցաշարերի: Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանին առաջին օրվա արդյունքները գոհացնում են:

 «Արդյունքներում բավական տարբերություն կա, աճ կա գրանցված, կան մարզիկներ, որոնք բավական լուրջ հաջողության են հասել, եւ նրանց հետ կապված լուրջ ծրագրեր ունենք. 2024 թ-ին արդեն միջազգային ասպարեզում հանդես կգան, եւ վստահ եմ՝ այնտեղից մենք մեդալներով ենք վերադառնալու, որովհետեւ այսօրվա արդյունքներն արդեն գոհացնող են: Ամենակարեւորը մարդկանց ինտեգրումն է, նրանք գալիս են սպորտային աշխարհ, ոմանք՝ մեծ սպորտ, իսկ մյուսների մոտ սա դառնում է առողջ ապրելակերպ: Մեր մարզիկների գերակշռող մասը պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն են, որոնք չեն կոտրվել եւ իրենց կյանքը տեսնում են նաեւ սպորտի մեջ՝ գրանցելով մեծ հաջողություններ»,- նշեց Ստեփանյանը:

Ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 24-ին:

  • Կիսվել: