կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեք հայ մարմնամարզիկ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Երեք հայ մարմնամարզիկ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս եկավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը հանդես էին գալիս բազմամարտում, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը առանձին գործիքների որակավորման փուլերում:

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում 82.465 միավորով 4-րդ տեղից դուրս եկավ եզրափակիչ: Գագիկ Խաչիկյանը 77.265 միավորով չհաղթահարեց որակավորման փուլը:

Օղակների վարժությունում որակավորման փուլը հաղթահարեցին Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը 14.800 միավորով երկրորդ տեղից դուրս եկավ եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.666 միավորով 5-րդն է:

Նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով եզրափակիչ դուրս եկավ Արթուր Դավթյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը վաստակեց 13.066 միավոր եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հենացատկում լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա վաստակեց ամենաբարձր 15.066 միավորը:

Եվրոպայի առաջնությունը կտեւի մինչեւ ապրիլի 16-ը: Եզրափակիչները տեղի կունենա ապրիլի 15-ին եւ 16-ին:

  • Կիսվել: