շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երբ շախմատ եմ խաղում, ժամանակը չեմ զգում. Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյան

Երբ շախմատ եմ խաղում, ժամանակը չեմ զգում. Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյան

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությամբ տրվեց Հայաստանի սպորտային տարվա մեկնարկը։ Կանանց շախմատի առաջնության չեմպիոն է դարձել Սուսաննա Գաբոյանը: Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է շախմատում իր առաջին քայլերի, մարզաձևի առանձնահատկությունների մասին:

-Սուսաննա, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել շախմատով:

– Շախմատով հետաքրքրվել սկսել եմ, երբ 6,5 տարեկան էի: Եղբայրս ինձ ծանոթացրել էր խաղաքարերի հետ, և, երբ մի անգամ մայրիկիս հետ գնացինք նրան շախմատի դպրոցից վերցնելու, հենց նրա մարզիչն էլ մի քանի խաղային դիրքերի միջոցով հասկացավ, որ կարող եմ շախմատով զբաղվել: Եղբայրս, ով ինձնից երեք տարի մեծ է, միշտ ասում է, որ իմ առաջին մարզիչը ինքն է (հեղ. ծիծաղում է): Առաջին մարզիչս, սակայն, Նվեր Ստեփանյանն է: Հիմա եղբայրս էլ շախմատով չի զբաղվում, միայն ես:

-Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, որից հետո վերջնականապես ինքներդ Ձեզ համար որոշել եք, որ ապագան կապում եք շախմատի հետ:

-Եթե անկեղծ, միայն վերջին տարիներին է, որ շախմատն իմն եմ համարում: Դեռևս փոքր տարիքում` 7 տարեկանում, ես խաղում էի ինձնից տարիքով մեծերի հետ: 7 տարեկանում խաղում էի 10 տարեկանների հետ և փոքր տարիքում էլ հասկացել էի և, գուցե, այդ ժամանակ էլ ունեի այդ գիտակցումը: Բայց հիմա ամեն ինչ այլ է, ինձ նաև փորձում եմ քաղաքականությունում ևս, սովորում եմ Կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում:

-Իսկ ինչպե՞ս եք համատեղում: Շախմատը մեծ ու ծանրաբեռնված աշխարհ է:

-Այո, գուցե, հենց դա էլ իմ հիմնական խնդիրն է: Ես ինձ շատ աշխատասեր չեմ համարում:

-Կա՞ արդյոք մի շախմատիստ, ում պարտիաներն օրինակելի են եղել Ձեզ համար:

-Մեկին առանձնացնել չեմ կարող, բայց ինձ համար բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը Մագնուս Կարլսենն է: Նա իսկապես գերտաղանդավոր է, յուրահատուկ շախմատիստ: Կարծում եմ՝ Կարլսենն է պատմության լավագույն շախմատիստը:

-Ավելին քան Բոբի Ֆիշե՞րը կամ մեկ ուրիշը:

-Այո, քանի որ այն ժամանակ չկային այս օրերի համակարգչային հնարավորությունները: Մագնուսին, իհարկե, տեխնոլոգիաներն օգնել են, սակայն, անկախ ամենից, Մագնուսի հանճարեղությունը դրանով չի պայմանավորված:

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը:

-Դժվարանում եմ ասել։ Գուցե, իմ բնավորությունն այնպիսին է, որ կարող եմ համբերատար ժամերով խաղալ: Բայց երբ շախմատ եմ խաղում, չեմ զգում ժամանակը: Բոլորին եմ ասում` երբ սնվում եմ խաղից առաջ և պարտիան 5-6 ժամ է ձգվում, բնավ քաղց չեմ զգում: Սակայն հենց ավարտվում է խաղը, անմիջապես սով եմ զգում: Շախմատի գեղեցկությունը երևի այն է, որ անդադար լարվածության մեջ է պահում: Գուցե, դաժան է հնչում:

-Իսկ Ձեզ համար շախմատը խա՞ղ է, արվե՞ստ, թե՞ գիտություն:

-Անխոս, բոլորը միասին: Շախմատը խաղ է, արվեստ ու գիտություն, բոլորի համադրությունը: Բայց մեզ էլ նույնությամբ պետք է ֆիզիկապես նախապատրաստվել պարտիաներին, որքան այլ մարզաձևերում, քանի որ պարտիայի ժամանակ, ժամանակից շուտ հոգնելով, սխալվում ես:

– Շախմատիստների եմ ճանաչում, որոնք սնահավատ են․ գրում են նույն գրիչով, կրում են նույն շապիկը: Իսկ դուք սնահավա՞տ եք:

-Եկեք ձեզ իրականությունը պատմեմ: Օրինակ` այս տարվա առաջնությունում հիմնականում նույն վերնահագուստով էի: Փոխեցի միայն նախավերջին պարտիայից հետո, որը շատ բարդ դասավորվեց ինձ համար: Ընկերներիս էլ են միշտ զայրանում, երբ նկատում են: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ «բնավորությունն» առաջանում է միայն Հայաստանի առաջնության ժամանակ: Բայց խոստովանում եմ` աշխատում եմ ինձ վրա:

-Ունե՞ք սիրելի խաղաքար:

-Փիղ:

-Սուսաննա, շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր, թե՞ պետք է գտնել ոսկե միջինը:

-Եթե լուրջ արդյունքների ես ուզում հասնել, ապա պետք է երկուսից էլ մաս ունենաս: Բայց խոստովանում եմ, ես աշխատասեր չեմ:

-2024 թվականի Հայաստանի շախմատի առաջնությունն արդեն պատմություն է: Դուք ոչ մի պարտություն չկրեցիք: Ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար:

-Իրականում գոհ եմ միավորների քանակից, որ հավաքեցի` 7,5 միավոր: Վատ արդյունք չէր, հատկապես, որ ոչ մի պարտություն չունեցա և եղան պարտիաներ, որտեղ գրեթե պարտված դիրքից հասա ոչ-ոքիի: Եվ ամենաբարդը ստացվեց նախավերջին տուրը, երբ վատ մրցաշար անցկացնող շախմատիստի հետ խաղում գերլարված էի: Եվ սա առաջին անգամը չէ, որ 0 միավոր ունեցող շախմատիստի հետ պարտիայում մոտ եմ լինում ձախողման:

  • Կիսվել: