հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

2008 թվականից նախարարության աջակցությամբ իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:

Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի բարելավման, ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, աշխատանքային տետրերի, դասագրքերի, ժողովածուների և ուղեցույցների մշակման և կիրառման, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրքային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Այն միտված է նաև գեղարվեստական կրթության ոլորտում ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ մասնագիտական շրջանակների իրազեկմանը, դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների և պրակտիկ նյութերի տարածմանն ու հանրահռչակմանը:

Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաև հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում է նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ. Արարատ Աղասյան «Արվեստի պատմություն. Կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան «Պատմակենցաղային պարեր, Դասական պար, Հայկական ժողովրդական պար, Ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող) «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող) «Քրիստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող) «Քրիստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ), Աղավնի Հովակիմյան «Քրիստոմատիա սանթուրի համար (2-5 դասարաններ):

Նշենք, որ հրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:

  • Կիսվել: