չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Էդգար Սևիկյանը կտեղափոխվի հունգարական «Ֆերենցվարոշ»

Էդգար Սևիկյանը կտեղափոխվի հունգարական «Ֆերենցվարոշ»

Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»։

Այս մասին Чемпионат-ին հայտնել է «Նիժնի Նովգորոդ» ակումբին մոտ կանգնած աղբյուրը: Նշվում է, որ հունգարական ակումբը ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման տարբերակը։ Նույն տեղեկությունը հայտնում է նաև РБК Спорт-ը՝ մեջբերելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ «Նիժնի Նովգորոդ» ակումբի գլխավոր տնօրենը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ. «Այժմ նրա տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն կա, սա ակումբ է ոչ թոփ-5 լիգաներից»,- ասել է ակումբի նախագահը СЭ-ին:

«Նիժնի Նովգորոդ» ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը СЭ-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Ֆերենցվարոշի» կողմից կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկի առկայության մասին։

«Ֆերենցվարոշը» փաստացի առաջարկ է արել ակումբին Էդգար Սևիկյանի տրանսֆերի համար։ Բայց գործարքը դեռ ավարտված չէ»,- ասել է Կոնդրատովը СЭ-ին:

Հունգարիայի գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» առաջնության 17-րդ տուրից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավոր զիջելով առաջնության առաջատարին։ «Ֆերենցվարոշը» դուրս է եկել նաև Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կհանդիպի «Օլիմպիակոսի» հետ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։

  • Կիսվել: