երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ մեզ համար. Կարեն Գիլոյան

Դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ մեզ համար. Կարեն Գիլոյան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Կուբայում անցկացված գործկոմի նիստում այսօր որոշում կայացվեց ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնության անցկացումը վստահել Բահրեյնին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ևս թեկնածուների թվում էր: Հայաստանի հայտը գործկոմի նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանն ընդունեց ամենաբարձր մակարդակով: Այդ մասին վկայում էին նաև միջազգային ֆեդերացիայի ղեկավարները: Իսկ թե ինչու մարզաձևի միջազգային ֆեդերացիան չբավարարեց Հայաստանի ներկայացրած հայտը, Կուբայի մայրաքաղաք Հավանայից ArmSport-ի հետ զրույցում պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Ինչո՞ւ մերժեցին. որովհետև դրոշի հետ կապված հայտնի միջադեպը մեզ համար ճակատագրական եղավ: Եթե մինչև այդ, գործնականում արդեն մեզ էին վստահել հաջորդ տարվա ԱԱ-ի անցկացումը, այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասում է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հայտն իսկապես շատ գրավիչ է եղել՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման տեսանկյունից:

«Իհարկե, այստեղ աներկբա է կողմնակալ վերաբերմունքը, որովհետև թեկնածու երկրների ներկայացրած հայտերն անհամեմատելի էին մեր ներկայացրած հայտի հետ: Մերը շատ ավելի լավն էր ու օգտավետ՝ մարզաձևի մասսայականացման, զարգացման ու հզորացման, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար: Բավական հետաքրքիր հայտ էինք ներկայացրել: Բայց այդպիսին էր որոշումը. ոչինչ անել չենք կարող: Վստահ եմ՝ մեզանից լավ որևէ մեկը չի անցկացնելու»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Նրա խոսքով՝ քվեարկությունից հետո Միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամներն ասում էին, որ հավանաբար սխալ արեցին. «Ասում էին՝ Հայաստանի առաջարկն անհամեմատ ավելի լավն էր: Չեն ուզում լավ բան, թող չլինի: Մեր քաղաքականությունը չի փոխվել. նպատակ ունենք տարբեր մարզաձևերից միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում, գնալու ենք այդ ճանապարհով: Կմտածենք որևէ այլ մարզաձևից առաջնություններ ընդունելու ուղղությամբ»:

Բահրեյնում կայանալիք աշխարհի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի  ավարտից մի քանի ամիս անց: Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում:

Հիշեցնենք՝ Բահրեյնի հավաքականի կազմում է հանդես գալիս հայ ծանրորդ Գոռ Մինասյանը:

  • Կիսվել: