հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չեմպիոն դարձած մարզիկներին տրվող միանվագ գումարները կկրկնապատկվեն

Չեմպիոն դարձած մարզիկներին տրվող միանվագ գումարները կկրկնապատկվեն

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ աշխարհի առաջնությունում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ, ազգային թիմերի 2-րդ մարզիչները՝ 1 մլն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:

Եվրոպայի առաջնություններում 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն ստանալով 6, 3.6 և 1.4 մլն դրամ: Համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները: Գումարները ներառում են վճարվող հարկերն ու տուրքերը:

«2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ-ը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126 բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին ևս համապատասխան մրցաշարեր են գրանցվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 22 մեդալ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով Կառավարությունը հավանություն է տվել նաև մեկ այլ նախագծի, որի արդյունքում «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարները կավելանան. յուրաքանչյուրին կտրամադրվի 6 մլն 330 հազար, ներառյալ հարկերն ու տուրքերը: Հարկերը ու տուրքերը վճարելուց հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:

«Մենք կարող ենք այս որոշման արդյունքում ասել, որ նույն մարզիկը, սկզբունքորեն, կարող է տարվա ընթացքում միանվագ ստանալ 15 մլն, գումարած ամիսը, օրինակ, մեկ միլիոն դրամ աջակցություն պետության կողմից, որը, կարծում եմ, լիարժեք բավարար է այսօրվա պայմաններում, որ նա լիարժեք կենտորոնանա սպորտի վրա և պրոֆեսիոնալ կերպով իր գործով զբաղվի և ոչ թե ստիպված լինի մարզումների արանքում տաքսի քշել կամ այլ աշխատանքով զբաղվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: