ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չէինք գնացել թուրքին, ադրբեջանցուն հաղթելու, բոլորին պիտի հաղթեինք․ Հակոբ Սերոբյան

Չէինք գնացել թուրքին, ադրբեջանցուն հաղթելու, բոլորին պիտի հաղթեինք․ Հակոբ Սերոբյան

Մեր նշաձողը բարձրացել է: Մեզանից պահանջող չկա, մենք ենք մեր պահանջատերը: Թուրքիայում կրկնակի պատասխանատվություն ունեինք, բայց չէինք գնացել թուրքին, ադրբեջանցուն հաղթելու, բոլորին պիտի հաղթեինք եւ արեցինք:

Այս մասին ասուլիսւոմ նշել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփել է Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունը եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հեցացատկի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալակիր՝ Վահագն Դավթյան, նժույգ թափերում բրոնզե մեդալակիր՝ Արթուր Դավթյան: Երիտասարդների աշխարհի առաջնությունում աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց 15-ամյա Համլետ Մանուկյանը, փոխչեմպիոն՝ Մամիկոն Խաչատրյան:

«Մեզ համար առաջին անգամ էր այսպիսի ծանրաբեռնված տարի: Աշխարհի երիտասարդական առաջնություն ու անմիջապես հետո մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Շա բարդ էր, անհնար էր պատկերացնել, թե ինչպես պետք է պատրաստվեինք: Որոշեցինք, որ մարզիչ Հայկ Նազարյանի հետ միասին պետք է աշխատենք Թուրքիայում, վերադառնանք Թբիլիսի, շարունակենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Երկու առաջնություններում էլ նախատեսում էինք մեդալներ, բայց սպասելիքներից առավել ստացվեց: Այս երկու առաջնությունները ցույց տվեցին, որ մեր երկու հավաքականներն էլ պատրաստ են մի առաջնությունում մի քանի գործիքներում մեդալներ նվաճել: Մի մարմնամարզիկը կարող է մի քանի գործիքում չեմպիոն դառնալ, ինչպես դա արեց Համլետ Մանուկյանը, Արթուր Դավթյանը՝ հենացատկի չեմպիոն, նժույգ թափեր՝ բրոնզ:

Երիտասարդների արդյունքները շատ բարձր էին: Չէինք սպասում նաեւ, որ թիմային պայքարում այսպիսի արդյունք կունենանք՝ 4-րդ տեղ: Այս տարի տղաները մասնակցելու են պատանիների օլիմպիական փառատոնին, որտեղ շատ լուրջ պայքար է սպասվում: Մի քանի մեդալ է լինելու: Ինքնավստահություն տվեց մեզ, որ աշխատենք թիմային պայքարում:

Մեր նշաձողը բարձրացել է: Մեզանից պահանջող չկա, մենք ենք մեր պահանջատերը: Թուրքիայում կրկնակի պատասխանատվություն ունեինք, բայց չէինք գնացել թուրքին, ադրբեջանցուն հաղթելու: Բոլորին պիտի հաղթեինք եւ արեցինք: Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը փայլուն աշխատանք արեցին Թուրքիայում:

Մի պահ եղավ, որ տեսա տղաները գործիքին մոտենալիս խաչակնքվում են, բայց դա անում են կաշկանդված, ամաչելով: Կանչեցի, ասացի, որ չամաչեն, իրենց կրոնն է, իրենք էլ քրիստոնյա են: Ասացի՝ «լավ բան եք անում, մասնավորապես Թուրքիայում»: Երբ երեքով խաչակնքվեցին եւ մտան դահլիճ, ես հպարտացա: Լավ կլինի, որ չմեծամտանան:

Շատ գոհ եմ մարզիչ Հայկ Նազարյանի աշխատանքից: Ես արդեն հանգիստ իմ մրցավարությունն եմ անում:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, Արթուր Դավթյանը լիդերն է եւ նա պետք է ոսկե մեդալ նվաճեր:

Վահագն Դավթյանն իր ամենալավ կատարումն արեց: Եթե լիարժեք մարզվի, ավելի բարձր արդյունքների կհասնի: Ինչպես գիտեք, Երեւանի քաղաքապետարանում է աշխատում, ընդմիջումներին, աշխատանքից հետո, ազատն ժամանակն է օգտագործում եւ գալիս մարզադահլիճ:

Արթուր Դավթյանը բազմամարտին մասնակցեց, որպեսզի աշխարհի առաջնությունում բազմամարտ անելու վարկանիշ ունենանք: Աշխարհի առաջնությունում բացի առանձին գործիքներից, բազմամարտում եւս խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Ամեն ինչ փորձում ենք անել, որպեսզի Արթուր Դավթյանը հեշտ նվաճի ուղեգիր եւ կենտրոնանա Օլիմպիական խաղերին պատրաստվելու վրա: Եթե այստեղ չմասնակցեինք, աշխարհի առաջնությունում չէինք կարող բազմամարտ անել:

Նժույգ թափերում նրանից մեդալ չէինք սպասում: Ես ուրախ եմ եւ հպարտ, որ ունենք այսպիսի թիմ, մարզիչներ: Միասնական աշխատանքի արդյունքները բոլորը տեսնում են

Դժգոհ եմ Գագիկ Խաչիկյանից: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում նրա հետ: Նժույգ թափերը նրա ամենաուժեղ գործիքն է եւ կատարյալ տիրապետում է: Մրցման ժամանակ ինչ է անում, չեմ հասկանում: Շատ մեծ հնարավորություն ունի, բայց չի անում:

2027 թվականին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ենք Երեւանում: Ես այսօրվանից արդեն աշխատում եմ թիմի վրա: Պետք է ունենանք բազմամարտիկներ: Այդ ժամանակ մեծահասակներին կմիանան Համլետը, Էրիկը, Մամիկոնը: Արթուր Դավթյանն ամեն ինչ պետք է անի, որ մնա որպես բազմամարտիկ: Արթուրին պետք է պահենք որպես թիմի ավագ: Եվրոպայի առաջնությունում թիմային կմասնակցենք: Կարող ենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաեւ Թուրքիայում Եվրոպայի առաջնության օրերին ստեղծված խնդիրներին:

«Փորձեցին որոշակի ընդգծված վերաբերմունք ցույց տալ մեզ, ինչը չկար երիտասարդների առաջնության օրերին: Մեր դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշը կախելը, գիշերը դոպինգ հանձնելը, ամեն ինչ ուղղված էր նրան, որ թիմի հոգեբականան վիճակը խառնվի: Ես շատ բարկացա, բայց թիմի վրա ոչնչով չանդրադարձավ այդ ամենը: Ավելին, տղաները դրանից բարկացան եւ արեցին ավելին: Արթուրը հատկապես իր չեմպիոնությամբ ապացուցեց, որ ինքն առաջատարն է: Կասկածում էի՝ կդիմանան նրա նյարդերը, բայց փաստորեն ոչինչ նրան չխանգարեց»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

  • Կիսվել: