ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այդ կարմիր կոճակը սեղմելն ինձ համար շատ դժվար էր ու սթրեսային․ Նազիկ Ավդալյան

Այդ կարմիր կոճակը սեղմելն ինձ համար շատ դժվար էր ու սթրեսային․ Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ամփոփել է Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նազիկն ընդգրկված է ԵԱ-ի մրցավարների թիմում.

«Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակների կապակցությամբ: Սա իսկապես բոլորիս հաղթանակն է: Հռիփիսմե Խուրշուդյանի ելույթից հետո էմոցիաներն այնքան բուռն էին. Հռիփսիմեն տարիքով արդեն բավականին մեծ է՝ սպորտի համար, մրցում էր ավելի երիտասարդ մարզիկների հետ, որոնց ուժն ու ոգին դեռ տեղում էր:

Շատ ուրախ եմ Հռիփսիմեի համար. նրա այս բրոնզե մեդալն ինձ համար ոսկուց շատ ավելի արժեքավոր է: Այն ճանապարհը, որն ինքն է անցել, այն ցավերի ու դժվարությունների միջով, որ ինքն է անցել ու հասել այստեղ, պարզապես անհավանական է. բրավո, ես շնորհավորում եմ իրեն, հաղթական ելույթ էր: Մեր տղաների մասին էլ խոսքեր չկան: Ես հիացած եմ յուրաքանչյուրով: Հուսով եմ և համոզված, որ սա կօգնի մեր երեխաների մուտքը ծանրամարտ ապահովելու համար: Որքան հասկանում ենք՝ ծանրամարտը մեր սպորտաձևն ու մենք դեռ կկարողանանք նորանոր հաջողություններ կերտել ծանրամարտում»,- ասել է Նազիկ Ավդալյանը:

Անդրադառնալով իր նոր կարգավիճակին՝ Ավդալյանը հույս է հայտնել, որ կշարունակի մրցավարական կարիերան և խոսել նաև նոր աշխատանքի դժվարությունների մասին.

«Իհարկե, մրցահարթակը կանչում էր: Յուրաքանչյուրի մոտեցման հետ վերապրում էի ու մտածում, որ հանկարծ որևէ խնդիր չլինի: Այդ կարմիր կոճակը սեղմելն ինձ համար շատ դժվար էր ու սթրեսային, քանի որ լիովին հասկանում էի մարզիկներին: Հիշում էի իմ մոտեցումները: Իրականում, շատ լարված էի ու յուրաքանչյուր մրցումից առաջ շատ էի անհանգստանում, որ որևէ անախորժ դեպքեր չլինեն՝ հատկապես մեր մարզիկների ելույթներից առաջ»:

Նազիկ Ավդալյանը նաև խոսել է Երևանում ավարտին մոտեցող առաջնության կազմակերպվածության մասին.

«Շատ մրցումների եմ մասնակցել բազմաթիվ առաջատար երկրներում. որևէ բանով չզիջեցինք այդ երկրներին: Ընդհակառակը, այստեղ ես նկատեցի մանրուքներ, որոնք միևնույն ժամանակ կարևոր են ու ես շատ երկրներում ես չեմ տեսել: Թե՛ հյուրընկալության ,թե՛ ընդունելության և թե՛ պայմանների առումով ես հաճելիորեն զարմացած եմ»,- եզրափակել է Նազիկ Ավդալյանը:

 

  • Կիսվել: