հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավստրալական Կվինսլենդը 2032թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնի

Ավստրալական Կվինսլենդը 2032թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնի

Ավստրալիայի Կվինսլենդ նահանգը, որի կենտրոնը Բրիսբեն քաղաքն է, կներկայացնի 2032թ. ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն անցկացնելու հայտ: Այդ մասին հայտարարել է շրջանի ղեկավարությունը, գրում է ՀԱՕԿ-ը։

Կվինսլենդի ղեկավարությունը հայտ ներկայացնելու հեռանկարները քննարկել է մի քանի ամիս: Ավստրալացիները նախատեսում են, որ Խաղերի հիմնական մասը կընդունի Բրիսբենը, որին կօգնեն նաև Գոլդ Կոստ և Սանշայն Կոստ հանգստավայրերը:

«Դա ավելին է, քան մի քանի սպորտային շաբաթը: Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի անցկացումը մեր շրջանին կարող է զարգացման մեծ հնարավորություն տալ առաջիկա 20 տարում»,- ասել է Կվինսլենդի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը:

Փորձագետների կարծիքով, մրցումների նախապատրաստությունը հնարավորություն կտա ստեղծել 129 հազար լրացուցիչ աշխատատեղեր, ինչպես նաև կխթանի նահանգում լուրջ ներդրումներին ու տնտեսության զարգացմանը:

Ավստրալական հայտի քննարկումների գլխավոր թեման ֆինանսական հարցն է: Նախնական տվյալներով, Խաղերի նախապատրաստության համար կպահանջվի մոտ 1 միլիարդ դոլար միայն պետբյուջեից: Այժմ քննարկվում է ծախսերի կրճատման հարցը:

2032թ. Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության օրը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ դա տեղի է ունենալու հաջորդ տարի: Ավստրալիայից բացի, դեռ պաշտոնական հայտ ներկայացնելու մասին հայտարարած այլ երկրներ չկան:

Հիշեցնենք, որ Ավստրալիան ունի Օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ: 1965-ին Խաղերը հյուրընկալել է Մելբուրնը, իսկ 2000-ին՝ Սիդնեյը:

  • Կիսվել: