ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավարտվեց «Ներուժ 3.0» ծրագիրը. hայտնի են հաղթողները

Ավարտվեց «Ներուժ 3.0» ծրագիրը. hայտնի են հաղթողները

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

Ռոբերտ Խաչատրյանը ողջունել և շնորհավորել է հաղթողներին, ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր կարևոր են համարել դիմել և այս ծրագրի շրջանակներում ներկայացնել նախագծեր, որոնք նախատեսում են հայրենիքում իրագործել՝ ի նպաստ մեր երկրի առաջընթացի ու զարգացման։

«Լիահույս ենք, որ այն դրամաշնորհը, որը ստացան մրցանակակիրները՝ կարևոր դեր կունենա նրանց հետագա գործունեությունում, նոր հնարավորություններ կընձեռի բիզնես նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհին։
Ուզում եմ ընդգծել նաև, որ ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր նախարարության օրակարգում է, և այդ ուղղությամբ մեր կողմից հետևողական աշխատանք է իրականացվում։
Ծրագրի մյուս մասնակիցներին, ովքեր այսօր մրցանակակիրների շարքում չեն, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են նորաստեղծ ընկերությունների զարգացմանը և հորդորել, որ դիմեն, մասնակցեն, հաղթեն, առաջ մղեն ու իրականություն դարձնեն իրենց գաղափարներն ու նախագծերը»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր գործընկերներին՝ ծրագիրը համատեղ ջանքերով իրականացնելու համար։

Մխիթար Հայրապետյանը հաջողություն մաղթելով դրամաշնորհի արժանացած ստարտափներին՝ նշել է, որ հավատում է՝ նրանց գաղափարները, ի վերջո, վերածվելու են խոշոր ընկերությունների:

«Շատ կարևոր է ընդգծել, որ «Ներուժ»-ը միայն դրամաշնորհների մասին չէ: Երբ 2018-ին քննարկում էինք այս գաղափարը, մենք առանցքում չէինք դիտարկում փողը և դրա գործոնը: «Ներուժ»-ն ունի շատ ավելի կարևոր երանգներ, առաքելություն: Այս ծրագրով փորձում ենք ուժեղացնել սփյուռքի հետ Հայաստանի կապը: Վերջապես հայրենիքում նրանց վերաբնակեցումը դարձնել իրատեսական, կյանքի կոչել նրանց գաղափարները և ձևավորել սփյուռքահայ մասնագետների ցանց: Այն, ինչ ներուժցիներն այստեղից իրենց հետ կտանեն, կարծում եմ, կարևոր կլինի ապագայի համար»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Հաջորդիվ Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանը մասնակցության վկայականներ են հանձնել ծրագրի բոլոր մասնակիցներին, որից հետո տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը:

Ժյուրիի գնահատման արդյունքում 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ պատվավոր տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ:

Orion Worldwide Innovations-ի և BAJ Accelerator-ի կողմից հատուկ մրցանակի են արժանացել «Interians», «MMD», Low-Code Armenia» և «DrumStar» թիմերը:

Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնն էլ՝ բոլոր թիմերին կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն:

 

«Ներուժ 3.0» ծրագրի գործընկերներն են ՀՀ կենտրոնական բանկը, «ԱԿԲԱ» բանկը, «TK & Partners» իրավաբանական ընկերությունը, Orion Worldwide Innovations-ը/ BAJ Accelerator-ը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը, «Red Marketing Space» մարքեթինգային ընկերությունը, «SIL Insurance» ընկերությունը:
Ծրագրի մասին.
«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։
Նշենք, որ դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում։

 

  • Կիսվել: