ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

 

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, և ամեն ինչ պետք է արվի՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար: Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարն այս տարի տեղի կունենա մայիսի 19-20-ը:

Խորհրդակցությանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը, ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Գեղարքունիքի մարզպետարանից, կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերությունից, մրցավարական և տեխնիկական խմբերից:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը զեկուցել է, որ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ ուժերն են չափել 37 դպրոցի 500 աշակերտներ: Ակտիվ մասնակցություն է գրանցվել նաև Արմավիրի մարզում՝ 30 դպրոցի շուրջ 210 աշակերտների միջև:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Վերջնարկը նախատեսվում է անցկացնել մայիսի 20-ին Պարզ լճին հարող տարածքում:

Բուն մրցման նախորդ օրը՝ մայիսի 19-ին, կկազմակերպվի ճամբար: Մրցավարները և մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն Պարզ լճի տարածքում, կծանոթանան վազքուղուն։ Նախատեսված են նաև մշակութային, ժամանցային միջոցառումներ:

Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև մրցաշարի անվտանգությանը և բժշկական օգնությանը վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակից թիմերն ապահովվելու են ճանապարհածախսով, գիշերակացով և մարզահագուստով:

Հիշեցնենք՝ մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:

 

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ: Միջոցառման անցկացման համար կիրականացվի տարածքի ձևավորում, նկարահանում, իսկ փակման արարողության ժամանակ կապահովվի նաև ուղիղ հեռարձակում:

  • Կիսվել: