երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհի գավաթի խաղարկությունն աշխարհի առաջնության բարդություն ուներ. Հակոբ Սերոբյան

Աշխարհի գավաթի խաղարկությունն աշխարհի առաջնության բարդություն ուներ. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա առաջին երկու փուլերն իրենց բարդությամբ համեմատում է աշխարհի առաջնությունների հետ:

«Աշխարհի գավաթի այս փուլերը տարբերվում էին մյուս բոլորից:  Այն շատ բարդ էր, քանի որ վարկանիշային էր: Եթե նախորդ տարիներին սովորաբար մասնակցում էին մոտ 35 երկրից, ապա այստեղ մասնակցում էին մոտ 75 երկրի ներկայացուցիչ: Մենք, ի սկզբանե, գնում էինք պայքարելու վարկանիշի համար: Հիմա, սակայն, անորոշ վիճակում ենք, քանի որ Վահագն Դավթյանը մոտ 70 տոկոսով կարող է նվաճել օլիմպիական ուղեգիրը: Իսկ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա նա աշխարհին նույն տվեց, որ Օլիմպիական խաղերի մեդալի ամենալավ հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ` գոհ եմ, բոլորն ամեն ինչ արեցին լավ»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի քվոտա կստանան 4 փուլից 3 լավագույն արդյունք ունեցողները: Հայաստանի հավաքականը չի մասնակցի մարտին Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի երրորդ փուլին, կմասնակցի միայն Դոհայում` ապրիլին կայանալիք 4-րդ փուլին:

Հակոբ Սերոբյանն առանձնացրեց, որ ապրիլին կայանալիք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններում այլ պատրաստվածություն է լինելու: Երիտասարդները ձգտելու են դրական արդյունքի հասնել թիմային պայքարում: Իսկ մեծահասակների շարքում հիմնական թիմին կմիանա նաև Էրիկ Բաղդասարյանը, ով նոր է երիտասարդների տարիքային խմբից անցնում մեծահասակների թիմ:

«Մենք շատ լուրջ ենք նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը, հատկապես, որ այն մեզ համար կարևոր է երիտասարդների պայքարի առումով: Այս երիտասարդները կլինեն մեծերի շարքում, երբ 2027 թվականին Եվրոպայի առաջնությունը կլինի Երևանում: Մենք աստիճանաբար բարձրացնում ենք նշաձողը: Մարմնամարզությունում միայն գերհզոր երկրներն են պայքարում թիմային մեդալների համար: Երիտասարդների թիմային պայքարում կերևա, թե ապագայի համար մենք ինչ ունենք»,-շեշտեց նա:

Սերոբյանը հույս հայտնեց, որ վերջապես մարմնամարզիկները կունենան այն խոստացված միջազգային նորմերին համապատասխան դահլիճը, քանի որ առկա պայմաններում դժվար է կայուն դրական արդյունք գրանցել:

Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրի նախագիծն արդեն պատրաստ է: Սակայն, ըստ Սերոբյանի, մարզահամալիրի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ուշանում են:

«Մեզ համար անհասկանալի է նաև այն, որ վերջերս մարզաձևերի ֆեդերացիաների հետ օրենքի փոփոխության արդյունքում թիմերը ուսումնամարզական 4 հավաքներից մեկը պետք է անցկացնեն դրսում: Եթե մենք չունենք համապատասխան դահլիճ, ինչպե՞ս պետք է մարզվենք: Այդ փոփոխությամբ պետք է մասնակցենք երկու միջազգային մրցաշարի, որի մեջ մտնում են աշխարհի գավաթները: Իսկ մարմնամարզությունում դրանք չորսն են: Մեր դեպքում աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշով ենք մասնակցում աշխարհի առաջնություններին: Մեզ համար այս կետերն անհասկանալի են: Մեզ պարզապես պարզաբանում է պետք»,-ասաց Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն աշխարհի գավաթի խաղարկությունում մարմնամարզիկների մասնակցությունից գոհ է:

«Նրանք արեցին այն, ինչ կարող են: Գոհ եմ Արթուր Ավետիսյանից, ով վնասվածքով էր հանդես գալիս: Աշխարհի այս գավաթի խաղարկության մրցակցությունն աշխարհի առաջնության մակարդակի էր: Օրինակ` Օլիմպիական խաղերի չեմպիոնը դուրս չեկավ հենացատկի եզրափակիչ: Մեր տղաներին նման արդյունքի հասնել օգնեց թիմային աշխատանքը` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: