չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աշխարհի գավաթ․ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին կմասնակցի 5 ծանրորդով

Աշխարհի գավաթ․ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին կմասնակցի 5 ծանրորդով

Թաիլանդի Պհուկետ քաղաքում մարտի 31-ից ապրիլի 11-ն անցկացվում ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին կմասնակցի 5 ծանրորդով: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Հայտնի է հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը.

Ապրիլի 6, 16:30 (Երեւանի ժամանակով)

Անդրանիկ Կարապետյան (89 կգ, B խումբ, երկամարտի նախնական հայտ 370 կգ):

Ապրիլի 8, 22:00

Սամվել Գասպարյան (102 կգ, նախնական հայտ 400 կգ),

Գարիկ Կարապետյան (102 կգ, նախնական հայտ 450 կգ):

Ապրիլի 11, 19:00

Վարազդատ Լալայան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ),

Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ):

Թաիլանդում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մրցաշրջան-2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի թիմի 5 ներկայացուցիչ արդեն ապահովել է վարկանիշ: Նշենք, որ Փարիզ-2024-ում տղամարդկանց եւ կանանց պայքարում յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մասնակցել երեքական ծանրորդով՝ ամեն քաշային կարգում մեկ ներկայացուցիչ: Ըստ Փաշիկ Ալավերդյանի՝ Հայաստանի  երեք ուժեղագույնների անունները հայտնի կդառնան մայիսին:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Արտաշես Ներսիսյանւ գլխավորած հավաքականը չի վաստակել համապատասխան վարկանիշներ:

  • Կիսվել: