հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի

Աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում։

Արմեն Նազարյանը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Նա չեմպիոն է դարձել 1996 թվականի Ատլանտային Օլիմպիական խաղերին՝  ներկայացնելով Հայաստանը, այնուհետ` փոխելով քաղաքացիությունը 2000 թվականին էլ ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից:

Նշենք, որ օրեր առաջ Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր: Կրտսեր Նազարյանը  55 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց և գերազանցեց ռուսաստանցի Վիտալի Կոբալոևին:

  • Կիսվել: