ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում իր կարիերայում 6-րդ անգամ չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին։

31-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով պարտության էր մատնել վրացի Ռոբերտի Կոբլիաշվիլիին։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը հունգարացի Տամաշ Լևաին էր, որին հայ ըմբիշը պարտության մատնեց 7։4 հաշվով։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը մրցեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի հետ և ջախջախեց նրան 9։0 հաշվով։

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանին փորձեց դիմակայել Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Կիրիլ Միլովը, սակայն նա նույնպես չկարողացավ գերազանցել մեր ըմբիշին, և Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով՝ դառնալով Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Վերջին անգամ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 2020 թվականին Հռոմում։ Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է և Օլիմպիական խաղերի (20162.) հաղթող։

  • Կիսվել: