Արդյոք Բարսելոնայում ափսոսո՞ւմ են ինձ չգնելու համար. Սպերցյանը բացահայտել է Դեկուի հետ ունեցած զրույցի մանրամասները
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» կողմից իր տրանսֆերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը։ Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը հաստատել էր, որ «կապտանռնագույնների» ներկայացուցիչների հետ նախնական շփումներ են եղել, գում է armsport.am-ը:
Ռուսական «Чемпионат» պարբերականի թղթակից Իլյա Նիկուլնիկովի հետ զրույցում Սպերցյանը պատասխանել է իսպանական գրանդի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ հարցերին․
— Դուք խոսել էիք «Բարսելոնայի» հետ շփումների մասին։ Ձեզ չզարմացրե՞ց այն փաստը, որ նրանք չկարողացան 6-8 միլիոն եվրո հատկացնել Ձեր տրանսֆերը գնելու համար։
«Մեր խոսակցությունն ուղղակիորեն այդպես չի ընթացել։ Ինձ կապեցին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ, և մենք զրուցեցինք FaceTime-ի միջոցով։ Թե ինչ որոշում նրանք կայացրին դրանից հետո, ես տեղյակ չեմ»։
— Իսկ հիմա «Բարսելոնայում» ափսոսո՞ւմ են բաց թողած հնարավորության համար։
«Չգիտեմ (ծիծաղում է)»։
— Բայց կցանկանայի՞ք հավատալ դրան։
«Կցանկանայի, ինչո՞ւ ոչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 25-ամյա կիսապաշտպանը Ֆյոդոր Սմոլովի «Smol Talk» YouTube-յան նախագծի եթերում պատմել էր, թե ինչպես են իր հետ կապ հաստատել կատալոնական ակումբից։


