չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Արդեն մեծ մարդ եմ, բայց երբեք այսքան շատ չեմ պարտվել․ Պետրակով

Արդեն մեծ մարդ եմ, բայց երբեք այսքան շատ չեմ պարտվել․ Պետրակով

Վաղը Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղից առաջ այսօր կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Չեմ կարծում, թե Սլովենիայի դեմ խաղի առաջին կեսը ձախողված էր։ Իհարկե, 2-րդ կեսում շատ ավելի լավ խաղացինք։ Պետք է հաշվի առնել, որ մենք հնարավորություն չունեցանք այդ դաշտում նախախաղային մարզում անցկացնելու, քանի որ հորդառատ անձրևից հետո այն պիտանի չէր։ Արդարացնումներ չեմ ուզում փնտրել, բայց ինքներդ էլ գիտեք, որ մեր պաշտպանական գծի 3 խաղացողներ 2,5-3 ամիս չէին խաղացել Ստյոպա Մկրտչյանը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և երբ չես խաղում, միայն մարզվում ես, դժվար է այդ տեմպին հարմարվելը, իրենք էլ նշեցին, որ խաղից ընթացքում նոր եկավ այդ խաղի ընկալումը, որի պատճառով 2-րդ կեսը շատ ավելի լավ ստացվեց։ Նրանց գումարենք նաև Դաշյանին, որը «Փյունիկում» ընդամենը 3 խաղ էր անցկացրել և ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չէր։

Ղազախստանը շատ լավ հավաքական է։ Արժանի ձևով վաստակել էր Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում խաղալու իրավունք։ Առաջադիմել են, հիմա շատ ավելի ագրեսիվ են խաղում։ Կարծում եմ՝ Եվրոպայում թույլ թիմեր չեն մնացել, որովհետև պետական մարմիններն էլ են ներդրումներ անում։ Նրանք բոլորը հասկանում են, որ ֆուտբոլը թիվ 1 մարզաձևն է, կարելի է ասել՝ երկրի դեմքն է։ Ղազախստանի հավաքականը շատ լավ, հաճելի խաղ ցուցադրող թիմ է։

Ես միշտ ձգտում եմ շփվել ֆուտբոլիստների հետ, պետք է ասել, որ երիտասարդ ֆուտբոլիստները շատ լավ տպավորություն թողեցին ինչպես մարզումներրի ժամանակ, այնպես էլ կենցաղում, ինձ շատ դուր եկավ նրանց մարդկային որակները։ Շատ էի վախենում, որ նրանցից ոմանք կարող են ձախողվել, բայց այդպես չեղավ, հակառակը՝ նրանց վերաբերմունքը գործի հանդեպ ինձ շատ գոհացրեց։ Բայց դուք էլ հասկանում եք, որ խաղերի ժամանակ նրանց հետ շատ մեծ հույսեր կապելու առումով դեռ վաղ է։ Կարող եմ ասել, որ բավականին գոհ եմ բոլոր երիտասարդների վերաբերմունքից։

Ինձ որոշակիորեն դուր չի գալիս, որ մենք փորձում ենք արհամարականորեն վերաբերմունք ունենալ մեր մրցակիցների հանդեպ։ Տեսեք, թե Ազգերի լիգայում ովքեր են մեր մրցակիցները․ Հյուսիսային Մակեդոնիան ինչպիսի խաղացողներ ունի, Ֆարերյան կղզիների հավաքականը ինչպես է առաջադիմել․ նույնիսկ Չեխիայի պես թիմը մի կերպ կարողացավ նրանց դեմ դրական արդյունքի հասնել, Լատվիան, որը լրիվ այլ թիմ է լինելու։ Կարծում եմ՝ այդպիսի թիմերի դեմ, անկախ ամեն ինչից, բարդ է լինելու խաղալը։ Ինչ վերաբերում է դիրքային գրոհներին, ես՝ որպես փորձառու մասնագետ, կփորձեմ բարելավել խաղային այդ գործոնը։

Ընկերական խաղեր չեն լինում։ Ընկերական է, երբ խաղում են վետերանները։ Այս խաղերը ստուգողական են։ Անկեղծ ասած, շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում։ Արդեն մեծ մարդ եմ, բայց դեռ այսքան շատ չեմ պարտվել (ծիծաղում է)։ Ես պահանջել եմ, որ մեր բոլոր մրցակիցները լինեն Եվրոյի եզրափակիչ փուլի մասնակիցներ, ասացին, որ այդ դեպքում պետք է խաղերն արտագնա լինեն, ես պահանջել եմ, որ խաղերից գոնե մեկը լինի Երևանում՝ մեր երկրպագուների աչքի առջև։ Գոհ եմ մարզումներից։ Շատ մեծ հույս ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ վաղվա խաղում դրական արդյունք ունենանք։

Հնարավորինս դիտում եմ առաջնության բոլոր խաղերը, նաև պատանեկան հավաքականներին եմ հարձակվողների դիտարկում։ Բայց դուք էլ գիտեք, որ հայ հարձակվողներ չկան։ Միշտ եղել են շատ լավ հայ հարձակվողներ, հիմա գրեթե անհետացել են։ Արթուր Միրանյանն էլ հայկական ֆուտբոլի սան չէ, ուկրաինական ֆուտբոլի սան է և ինձ մոտ տարբեր տարիքային հավաքականներում է խաղացել։ Բրիասկոն ևս հայկական ֆուտբոլի սան չէ, նա էլ կենտրոնական հարձակվող չէ, ավելի շատ եզրային է։ Ռանոսը ևս կենտրոնական հարձակվող չէ, չեմ էլ փորձել նրան այդ դիրքում ներգրավել, որովհետև ծանր վնասվածքից հետո նոր ապաքինվում է։

Դեռ պարզ չէ Ռանոսը տեղափոխվում է «Ֆորտունա», թե ոչ։ Սպերցյանին դիտարկել եմ կեղծ 9 համարի դիրքում, նա ինքն էլ ասել է, որ իրեն հարմար չէ այդ դիրքը, իսկ ես դա միշտ հաշվի եմ առնում։ Սևիկյանին ևս փորձարկել եմ, բայց նա ցածրահասակ է և նրա համար դժվար է բարձրահասակ ֆուտբոլիստների համար պայքարում։ Բարդ խնդիր է։ Հուսամ՝ կգա ժամանակ, որ հարձակվողներ կունենանք»,- ասաց Պետրակովը, իսկ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ դիտարկում Ռանոսին և Ադամյանին երբևէ միաժամանակ մեկնարկային կազմում դաշտ դուրս բերել, մարզիչը պատասխանեց․ «Երբեք մի ասա երբեք», գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: