հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը՝ ադրբեջանցիների սադրանքի ու հայերին աջակցելու մասին

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը՝ ադրբեջանցիների սադրանքի ու հայերին աջակցելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահ Ստեֆան Չուպիչը վերջին շրջանում հայտնվել էր ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում։ 28-ամյա սերբ ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս առաջ մեկնել էր Ադրբեջան՝ Գյանջայի «Կապազ» ակումբի հետ պայմանագիր կնքելու համար, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով գործարքը չի կայացել։ Դրանից հետո Չուպիչը վերադարձել է հայրենիք ու պայմանագիր կնքել սերբական «Ռադնիչկիի» հետ։

Ստեֆան Չուպիչի՝ Ադրբեջան ժամանելուց հետո դարպասապահը հայտնվել է ճնշման տակ։ Տարբեր հարթակներում նրանից պահանջել են հայտարարել, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին և նույնիսկ մամուլում հայտնվել են նման հրապարակումներ։

VNews-ի թղթակից Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում սերբ դարպասապահը պատմել է ադրբեջանցիների սադրանքի մասին և նշել, որ շատ է հարգում հայերին ու չի մոռանում Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը։

«Ես 2 տարի եղել եմ Հայաստանում, և դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Շատ եմ հարգում հայերին։ Ադրբեջանում լուրեր էին տարածել, թե իբր ես հայտարարել եմ, որ Արցախն ադրբեջանական է։ Սակայն նման բան չի եղել։ Դա սադրանք էր։ Ինձ վրա փորձում էին ճնշում գործադրել, բայց ես նման բան չեմ հայտարարել։

Ակումբ չունենալու պատճառով ստիպված մեկնել էի Ադրբեջան, սակայն տեղափոխությունս չկայացավ, քանի որ պատերազմի օրերին ես եղել էի Հայաստանում»,- զրույցում նշել է Ստեֆան Չուպիչը։

Հիշեցնենք, որ սերբ դարպասապահն «Արարատ-Արմենիայում» խաղացել է 2019-ի հունվարից մինչև 2021-ի հունվար։ 44-օրյա պատերազմի օրերին նա սոցցանցերում աջակցել էր Հայաստանին ու Արցախին՝ նշելով, որ սերբերը միշտ հայերի կողքին են։

Ստեֆան Չուպիչը խաղացել է Սերբիայի մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում։ Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:

  • Կիսվել: