երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առաջին ոչ-ոքին ԱԱ-ում․ ԱՄՆ և Ուելսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Առաջին ոչ-ոքին ԱԱ-ում․ ԱՄՆ և Ուելսի հավաքականները չպարզեցին հաղթողին

ԱԱ-2022-ի խաղային երկրորդ օրվա վերջին խաղում մրցեցին ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։ Թիմերն ընդգրկված են B խմբում։

Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին ամերիկացիները, որոնք արդեն 10-րդ րոպեին մոտ էին հաշիվը բացելուն, սակայն վստահ խաղաց ուելսցիների դարպասապահ Հենեսին։ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին րոպեներից աչքի էին ընկնում նաև բավականին կոպիտ խաղով․ հանդիպման 12-րդ րոպեին երկու ֆուտբոլիստ արդեն ստացել էր դեղին քարտ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հյուիսամերիկացիների խաղային առավելությամբ։ Հանդիպման 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեգենդար Ջորջ Վեայի որդին՝ Թիմոտի Վեան։ Ի դեպ, Ջորջ Վեան միակ աֆրիկացի ֆուտբոլիստն է, ով ստացել է Ոսկե գնդակ, ինչպես նաև՝ նա Լիբերիայի ներկայիս նախագահն է։ Սա առաջին խաղկեսում գրանցված միակ գնդակն էր։ Թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում Բեյլը և թիմակիցները մի քանի լավ հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու, սակայն նրանց գրոհները արդյունավետ ավարտ չունեցան։ ԱՄՆ-ը հավաքականի ֆուտբոլիստները իրենց հերթին մի քանի անգամ վտանգավոր գրոհ կազմակերպեցին, բայց, ինչպես պարզվեց խաղի վերջում, Վեայի գնդակն ամերիկացիների համար այս խաղում միակն էր։

Իսկ ահա Ուելսը հանդիպման ավարտից 10 րոպե առաջ ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Բեյլը։

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ԱՄՆ-Ուելս՝ 1-1։ Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում այսօր Անգլիան 6-2 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն։

  • Կիսվել: