ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անդրեասյանն անդրադարձել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանը

Անդրեասյանն անդրադարձել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանը

Տարօրինակ է, որ սպորտին աջակցության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ սպորտի ոլորտի ֆինանսավորումն անգամներով աճել է:  Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի դիտարկմանը, թե Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը վայր է դրել լիազորությունները և հայտարարել, որ դահուկային սպորտն ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն:

Շեշտելով, որ իր խոսքերում որևէ չափազանցություն չկա՝ Անդրեասյանը նշեց. «2017-ին մասսայական սպորտին տարվա համար հատկացվել է 207 միլիոն դրամ: Գիտե՞ք՝ ինչքան է հատկացվել այս տարի. 5,5 մլրդ դրամ: Սա մասսայական սպորտն է դեռևս: 207 միլիոն և 5,5 միլիարդ. կարող եք պարզ մաթեմատիկա անել, թե քանի անգամ է աճել միայն մասսայական սպորտի ֆինանսավորումը:

Բարձր նվաճումների սպորտով նույնպես էական աճ ունենք: Եթե 2017-ին բարձր նվաճումների սպորտին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, հիմա խոսում ենք 6,9 մլրդ դրամի մասին:

Հետևաբար, սպորտին աջակցությունն ավելին երբեք չի եղել պետության կողմից, և սրա անբաժանելի մասն են ձմեռային մարզաձևերը»:

Նախարարն ընդգծեց, որ նման խոսակցությունները տեղին չեն և բացահայտում են այլ օրակարգեր:

  • Կիսվել: