ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Անդրանիկ Մարգարյան» շախմատի հուշամրցաշարը նոր առաջատար ունի

«Անդրանիկ Մարգարյան» շախմատի հուշամրցաշարը նոր առաջատար ունի

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Անդրանիկ Մարգարյան» 13-րդ հուշամրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Գլխավոր մրցաշարում 1-3-րդ տեղերը բաժանող շախմատիստներից հաղթանակ տարավ միայն իրանցի Բարդիա Դանեշվարին, որը պարտության մատնեց հենց իր անմիջական հակառակորդին՝ Դավիթ Շահինյանին: Նա վաստակել է 4,5 միավոր և դարձել միանձնյա առաջատար: Իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Կլեմենտի Սիչևի հետ և վաստակած 4 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Դավիթ Շահինյանը և Սիչևը 3,5-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Բարդիա Դանեշվարին կհանդիպի Արթուր Դավթյանի հետ, որը 2,5 միավոր ունի: Դավիթ Շահինյանը կմրցի ռուսաստանցի գրոսմասյտեր Սերգեյ Լոբանովի հետ:

Զուգահեռ անցկացվող երկրորդ մրցաշարում աղյուսակը գլխավորում են Հայաստանի շախմատիստները: ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 4-ական միավորով բաժանում են առաջին երկու տեղերը, իսկ Բենիկ Աղասարովը 3,5-ով հետապնդում է նրանց:

Այսօր կկայանա 7-րդ տուրը: Ռոբերտ Փիլիպոսյանը կխաղա ռուսաստանցի Նիկիտա Մատինյանի, իսկ Ալեքս Սահակյանը՝ վրացի Ակակի Շալամբերիձեի հետ:

  • Կիսվել: