ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ամեն ինչ լավ է, փորձարկել ենք մարզումների համար նախատեսված գործիքները. Արթուր Դավթյանը՝ Փարիզից

Ամեն ինչ լավ է, փորձարկել ենք մարզումների համար նախատեսված գործիքները. Արթուր Դավթյանը՝ Փարիզից

Օլիմպիական Փարիզում ամեն ինչ շատ լավ է, բոլորիս տրամադրությունը բարձր է: Արդեն անցկացրել ենք առաջին մարզումները: Փորձարկել ենք մարզումների համար նախատեսված մարմնամարզության գործիքները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Աշխարհի չեմպիոնը Վահագն Դավթյանի հետ արդեն օլիմպիական Փարիզում է եւ անցկացրել է առաջին մարզումները:

«Ամեն ինչ շատ լավ է այստեղ՝ օլիմպիական մայրաքաղաքում: Օլիմպիական ավան ենք ժամանել կիրակի օրը՝ հուլիսի 21-ին: Բնակվում ենք օլիմպիական ավանում: Արդեն հասցրել ենք առաջին մարզումներն անել: Ամեն ինչ լավ է, փորձարկել ենք մարզումների համար նախատեսված մարմնամարզության գործիքները: Շրջել ենք օլիմպիական քաղաքում, բայց դեռ շատ բան չենք տեսնել:

Բոլորիս տրամադրությունը բարձր է: Միայն եղանակը այդքան էլ կայուն չի, երբեմն անձրեւում է կամ արեւ է: Սնունդը նույնպես լավն է: Նախորդ օրերին այդքան էլ լավ չէր, քանի որ Օլիմպիական խաղերի մասնակիցները դեռ նոր են ժամանում: Սովորաբար Օլիմպիական ավանում տարբեր երկրների խոհանոցներ են բաց լինում, առաջին երկու օրը համեմատաբար քիչ էր: Այսօր արդեն, կարծես, ավելացել էր:

Մարզիկների փոխադրող ավտոբուսների աշխատանքային օրակարգը դեռ կայուն չի: Վարորդները դեռ չեն կողմնորոշվում, թե ուր պետք է գնան: Սա զուտ տեխնիկական խնդիր է, որը կկարգավորվի:

Ավանի սենյակները, որտեղ մենք մնում ենք, համեմատած Տոկիոյի, ավելի լավն են եւ հարմարավետ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա երկու մասնակից: Արթուր Դավթյանի հետ մրցահարթակ դուրս կգա նաեւ օղակների վարժությունում Հայաստանի առաջատար, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:

Մարմնամարզիկները Ֆրանսիա էին մեկնել հուլիսի 8-ից եւ մինչեւ հուլիսի 21-ը ուսումնամարզական հավաք էին անցնում Փարիզին մոտ գտնվող Ռուան քաղաքում:

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգան հուլիսի 27-ին: Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի  «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena):

 Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց երկու օր:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

  • Կիսվել: