ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամեն ինչ գնում է նրան, որ կարելի է հաղթել Տալախաձեին․ Գոռ Մինասյան

Ամեն ինչ գնում է նրան, որ կարելի է հաղթել Տալախաձեին․ Գոռ Մինասյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը (+109 կգ) անդրադարձել է Սոֆիայում կայացած ԵԱ-ի գերծանր քաշային կարգի մրցմանը, որում հաղթել էր Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

«Մրցակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Վարազդատի առավելությունը բացահայտ էր։ Սա չի կարելի համարել Լաշայի նկատմամբ հաղթանակ, քանի որ առանց մասնակցության հաղթանակ չի լինում։ Մեր առաջնային նպատակն Օլիմպիական խաղերում այս նույն արդյունքը կրկնելն է, բայց նրա մասնակցությամբ»,- նշել է Գոռ Մինասյանը։

Հարցին, թե կարո՞ղ են հայ ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերում գերազանցել վրացի Լաշա Տալախաձեին, գյումրեցի ծանրորդը պատասխանել է․

«Ամեն ինչ գնում է դրան։ Մեր կիլոգրամներն ավելանում են, իսկ նրանը, ինչպես տեսնում եք, պակասում։ Սակայն մեզ պետք չէ, որ առանց նրա մասնակցության մենք հաղթենք։ Պետք է, որ արդար պայքարում բարձրացնենք Հայաստանի դրոշը»,- ասել է Գոռը։

Գոռ Մինասյանը 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը: Հայաստանի հավաքականի կազմում գյումրեցի ծանրորդը դարձել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, գրում է vnews.am-ը:

  • Կիսվել: