երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին եւ ֆեդերացիայի ղեկավար կազմին:

Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում եւս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ:

«Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի եւ այս հաղթանակի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ են սպորտային հաղթանակները վերջին տարիներին, եւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք, գնահատենք եւ խոսենք նման նվաճումների մասին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծել է, որ հավաքականի համար շատ կարեւոր եւ ոգեշնչող են նման հանդիպումները:

«Մեծարգո՛ պարոն ԱԺ նախագահ, շնորհակալություն Ձեզ եւ Ձեր աշխատակազմին այս հանդիպման ու ջերմ ընդունելության համար: Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարեւոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը: Շատ կարեւորում ենք այս հանդիպումը եւ ուրախ ենք հյուրընկալվել Ազգային ժողովում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը:

Լեհաստանում ձեռք բերած մրցանակը ֆեդերացիան նվիրաբերել է ՀՀ Ազգային ժողովի թանգարանին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են նաեւ ֆեդերացիայի եւ հավաքականի մարզիկների կարիքները:

Ալեն Սիմոնյանը հանձնարարել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում քննարկել վերոնշյալ խնդիրները: 

  • Կիսվել: