շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանցի դարպասապահը չի մասնակցել թիմի մարզմանը` հայ մարզչի գլխավորությամբ

Ադրբեջանցի դարպասապահը չի մասնակցել թիմի մարզմանը` հայ մարզչի գլխավորությամբ

Ղազախական «Տոբոլի» և Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը, տեղեկացնում է armsport.am-ը:

Երեկ երեկոյան թիմը հավաքվել է Դուբայում` ուսումնամարզական հավաքի, ծանոթացել թիմի նոր գլխավոր մարզիչ, հայազգի Գրիգորի Բաբայանի հետ ու այսօր արդեն երկու մարզում անցկացրել:

Էմիլ Բալաևը նույնպես մեկնել է Դուբայ, սակայն չի մասնակցել մարզմանն ու արդեն այսօր մեկնելու է Թուրքիա` վերականգնում անցնելու համար: Հավաքի մի մասը նա կանցկացնի Թուրքիայում`աշխատելով անհատական ծրագրով: Այս մասին հայտնել է ակումբի տնօրեն Նիկոլայ Պանինը:

Ղազախական մամուլը «Տոբոլի» այս հայտարարությունն «անսպասելի» է որակել:

ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել նաև այն մասին, որ Բալաևը հայտնվել է թուրքական Առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի ուշադրության կենտրոնում ու կարող է կարիերան շարունակել այնտեղ:

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման պատճառով Բալաևը կարող է հեռանալ «Տոբոլից».

«Ֆուտբոլը և քաղաքականությունը չպետք է առնչվեն։ Բայց, երբեմն, դա հնարավոր չէ։ Բաբայանը ծնվել և մեծացել է Ալմաթայում։ Ես արդեն խոսել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ. նա ինձ վստահեցրել է, որ Էմիլին ոչ ոք չի նեղացնի։ Կարծում եմ՝ հարցի ոչ սպորտային կողմը խոչընդոտ չի հանդիսանա և առաջնային կլինի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- ասել էր գործակալը:

Հիշեցնենք` Գրիգորի Բաբայանը 2019 թվականի դեկտեմբերի կեսից գլխավորում է «Տոբոլը»:

  • Կիսվել: