երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ. Հայաստանի եւս 3 ըմբիշ սկսում է պայքարը, Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի 5-րդ տիտղոսի համար

ԱԱ. Հայաստանի եւս 3 ըմբիշ սկսում է պայքարը, Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի 5-րդ տիտղոսի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 23-ին մրցագորգ դուրս կգան 63 կգ, 67 կգ եւ 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից կմասնակցեն Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գևորգ Թադևոսյանը (87կգ )։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում կմրցի Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյի հետ:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) որակավորման փուլում կմրցի կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի հետ։

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար վաղը  կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

  • Կիսվել: