երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը

ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Այս քաշային կարգում աշխարհի առաջատար ըմբիշը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 10:4 հաշվով: 

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (72 կգ):

2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում:

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը 72կգ քաշային կարգի որակավորման փուլում 5:14 հաշվով հաղթեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Նարեկ Օհանյանին: 1/8 եզրափակիչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Սելչուկ Կանը:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

  • Կիսվել: