ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 10-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի վերջին երկու հանդիպումները։

Մարոկկոյի հավաքականը կմրցի պորտուգալացիների, Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան՝ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ։

Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները նախքան այս հանդիպել են երկու անգամ։ 1986թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում Մարոկկոն պորտուգալացիներին հաղթել է 3:1 հաշվով եւ առաջին տեղից դուրս եկել փլեյ-օֆֆ։

2018թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիան առավելության էր հասել 1:0 հաշվով։ Միակ գոլը Մարոկկոյի թիմին խփել էր Կրիշտիանու Ռոնալդուն։

Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները նախքան այս անցկացրել են 7 պաշտոնական (Ֆրանսիա՝ 2 հաղթանակ, Անգլիա՝ 2 հաղթանակ, 3 ոչ ոքի) եւ 6 ընկերական հանդիպում (Ֆրանսիա՝ 4 հաղթանակ, Անգլիա՝ 1 հաղթանակ, 1 ոչ ոքի)։

Աշխարհի առաջնություններում թիմերը նախորդ անգամ հանդիպել են 1982-ին։ Խմբային փուլում 3:1 հաշվով հաղթել են անգլիացիները։ 1966թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում եւս հաղթել են անգլիացիները՝ 2:0:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի խմբային փուլերում Անգլիան ու Ֆրանսիան խաղացել են 3 անգամ։ 1992թ․ ԵԱ-ում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0, 2004թ․ ԵԱ-ում 2:1 հաշվով հաղթել է Ֆրանսիան Զինեդին Զիդանի դուբլի շնորհիվ, 2012թ․ ԵԱ-ում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1:1:

Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում Անգլիան ու Ֆրանսիան կհանդիպեն առաջին անգամ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կհանդիպեն իրար հետ։ Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Արգենտինան ու Խորվաթիան։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 10

Մարոկկո - Պորտուգալիա՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Անգլիա - Ֆրանսիա՝ 23:00

  • Կիսվել: