շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
3 հայ մարմնամարզիկներ այսօր կպայքարեն մեդալների համար. ԱԱ

3 հայ մարմնամարզիկներ այսօր կպայքարեն մեդալների համար. ԱԱ

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչները առանձին վարժություններում: Հայաստանն ունի այսօրվա եզրափակիչներում 3 մասնակից: Աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը։

Նա օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր և 5-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ: Մերդինյանի մասնակցությամբ նժույգ թափերի եզրափակիչը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:30-ին:

Մեդալների համար կպայքարեն նաև Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։ Օղակների վարժության եզրափակիչը նույնպես կմեկնարկի 17:30-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման առաջին տեղից է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի վաղը՝ նոյեմբերի 6-ին:

  • Կիսվել: