հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2.5 մլրդ դրամ՝ մարզադպրոցների կառուցման և վերանորոգման համար

2.5 մլրդ դրամ՝ մարզադպրոցների կառուցման և վերանորոգման համար

Կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից մեկը, ըստ ԿԳՄՍ նախարարի, սպորտի ոլորտն է: Նախարարի խոսքով՝ Կառավարությունը մեծ թափով իրականացնում է մարզական շինությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 2024 թվականին այս աշխատանքների համար հատկացված է 2.5 մլրդ դրամ:

Գյումրիում շարունակվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցումը. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: 2024 թվականին կավարտվեն Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցումը, ինչպես նաև Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն նաև Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները:

«Հաջորդ տարի Կառավարությունը կմեկնարկի նաև մարզային տիպային մարզական կառույցների կառուցման աշխատանքները, ինչը շատ կարևոր է: Առաջին տիպային մարզական կառույցները կլինեն Եղեգնաձորում և Բերդում: Արագածոտնի մարզում կմեկնարկեն նաև Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այժմ դրանց նախագծման, տեխնիկական առաջադրանքների մշակման փուլում ենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով սպորտի ոլորտում խրախուսման քաղաքականությանը՝ նախարարը նշել է, որ 213 անձ սպորտային նպաստ է ստանում, 114 հոգի՝ պատվովճար, կա նաև անվանական թոշակների ծրագիրը: Ընդհանուր առմամբ՝ բարձր արդյունքներ ցուցաբերող, հեռանկարային բոլոր մարզիկներն օգտվում են առնվազն մեկ ծրագրից: Պարգևատրումներն ու խրախուսումները վերաբերում են նաև նրանց մարզիչներին ու աջակցող մյուս մասնագետներին:

Անդրադառնալով սպորտի ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ներկայացված են սպորտի ռազմավարությունում, որն առաջիկայում կքննարկվի և կհաստատվի: Նախատեսվում է մարզադպրոցներում կառավարման նոր մոտեցում ներդնել:

  • Կիսվել: