ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
19 մեդալ ենք նվաճել և թիմային հաշվարկում 2-րդն ենք. Փաշիկ Ալավերդյան

19 մեդալ ենք նվաճել և թիմային հաշվարկում 2-րդն ենք. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

Մենք տուն վերադարձանք երկամարտի 7 մեդալով: Ընդհանուր մեդալների քանակով 19 մեդալ ենք նվաճել: Եվ թիմային հաշվարկում մենք 2-րդն ենք, ոչ թե երրորդը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի Եվրոպայի առաջնության արդյունքները:

Վերջինս շեշտեց, որ հավաքականում սերնդափոխության անընդհատ գործընթաց է, և այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցած երիտասարդ մարզիկներն արդեն իսկ փորձ հավաքել էին երիտասարդական և պատանեկան մրցաշարերում:

Խոսելով գերծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անփոխարինելի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին` Ալավերդյանը շեշտեց, որ մեր մարզիկները դեռևս երիտասարդ են, և նրանց քայլերը պետք է ճիշտ գնահատական ստանան:  

Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանի մարզավիճակին Ալավերդյանն ընդգծեց, որ սպորտից հեռացած մարզիկների համար շատ դժվար է նորից վերադառնալ մեծ սպորտ և լուրջ արդյունքներից հասնել: «Տա Աստված, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, հակառակն ապացուցելով, անի դա»,-ասաց նա:

Ալավերդյանն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերում այլևս մեկ քաշային կարգում երկու մարզիկ նույն երկրից չեն մասնակցի. կմասնակցեն 3 տղամարդ և 3 կին: Հնարավոր է, որ Հայաստանը ներկայացուցիչ ունենա 89 կգ, 102 կգ և 109+  կգ քաշային կարգում:

Ծանրամարտի հավաքականը հուլիսից կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է Կոլումբիայում: Հավաքականը հնարավոր է ԱԱ-ին կմասնակցի 6-7 մարզիկով:

  • Կիսվել: