15-ամյա գեղասահորդ Սոֆյա Տիտովան ՀՀ քաղաքացիություն է ստացել
15-ամյա ռուս գեղասահորդ Սոֆյա Տիտովան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Շրջանառվող տեղեկությունն MatchTV-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արամ Վլասյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիտովան և Ակոպովա/Ռախմանին զույգը մտադիր են փոխել իրենց սպորտային քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
«Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի վերաբերյալ մենք ներկայում որևէ հաստատված տեղեկատվություն չենք կարող տրամադրել: Իսկ Սոֆյա Տիտովան փաստացի ստացել է Հայաստանի քաղաքացիություն և երկիրը կներկայացնի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավանությամբ»,- ասել է Վլասյանը «Матч ТВ»-ին։
15-ամյա Տիտովան Ռուսաստանի երիտասարդական Գրան Պրիի փուլերի հաղթող է և Մոսկվայի առաջնության մեդալակիր։ Նախորդ մրցաշրջանում գեղասահորդուհին Անժելիկա Կրիլովայի և Օլեգ Օվսյաննիկովի մրցանակների համար մրցաշարում գրավեց առաջին տեղը, իսկ «Ռուսաստանի սիրտը» համառուսաստանյան մրցույթում երրորդ տեղը: Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում։