1/8 եզրափակիչի տոմսերը սպառվում են. հայտնի են անցումային փլեյ-օֆֆի առաջին հաղթողները
Երեքշաբթի՝ փետրվարի 24-ին, պարզ դարձան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ևս չորս ուղեգրերի տերերը։
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ փուլի երկխաղյա դիմակայություններում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ատլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», անգլիական «Նյուքասլը» և նորվեգական «Բուդյո-Գլիմտը»։
Այսպիսով, նշված ակումբները կշարունակեն պայքարը արդեն 1/8 եզրափակիչում՝ միանալով լիգայի փուլի արդյունքներով լավագույն ութնյակում հայտնված թիմերին։ Հիշեցնենք, որ անմիջապես 1/8 եզրափակիչի ուղեգիր էին ապահովել «Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», «Սպորտինգը» և «Մանչեսթեր Սիթին»։
Լավագույն տասնվեցի վերջին չորս ուղեգրերը կխաղարկվեն այսօր՝ չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին։
Վճռորոշ հանդիպումներում միմյանց դեմ դուրս կգան «Ատալանտան» ու Դորտմունդի «Բորուսիան», «Յուվենտուսն» ու «Գալաթասարայը», ՊՍԺ-ն ու «Մոնակոն», ինչպես նաև Մադրիդի «Ռեալն» ու «Բենֆիկան»։


