շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զզվելի է մեր խումբը քաղաքական նպատակներով օգտագործելը. System of a Down

Զզվելի է մեր խումբը քաղաքական նպատակներով օգտագործելը. System of a Down

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբն անդրադարձել է մամուլի հրապարակումներին այն մասին, որ իբրևթե իրենք գումար են ստացել 2015 թ. Երևանում տեղի ունեցած համերգից, ինչպես նաև գումար են ստանալու 2020թ. Երևանում նախատեսված համերգից:

SOAD-ը այս առիթով իր ՖԲ էջում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը:

Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից:

Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որտեղ ներառված էին բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը:

SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու:

Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել, զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»:

  • Կիսվել: