կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինվորի տունն իր մշտական հսկողության տակ է վերցնում գանգուղեղային ծանր վնասվածքներով և անկողնային վիճակում գտնվող զինվորականներին

Զինվորի տունն իր մշտական հսկողության տակ է վերցնում գանգուղեղային ծանր վնասվածքներով և անկողնային վիճակում գտնվող զինվորականներին

Զինվորի տանը վերջերս նոր բաժանմունք է բացվել: Այն Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է գանգուղեղային ծանր վնասվածքներով և վերականգնողական խնամքի կարիք ունեցող տղաների համար:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Zarkerak.am-ի հետ զրույցում խոսեց բաժանմունքի անհրաժեշտության պատճառի մասին: Նրա խոսքով, թեև Հայաստանում գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում կան  վերակենդանացման բաժանմունքներ, սակայն դրանք նախատեսված չեն պացիենտներին երկար ժամանակ սպասարկելու համար և եթե անգամ պացիենտն ունենա ինտենսիվ թերապիայի վերահսկողության կարիք, բաժանմունքները չեն կարող ծանրաբեռնվել նման ծանրության հիվանդներով:

«Ե՛վ պատերազմից հետո, և՛ զինվորական ծառայության ընթացքում, ցավոք սրտի, մենք ունենում ենք գանգուղեղային ծանրագույն վնասվածքներով զինվորականներ, որոնց ինչ-որ փուլից դուրս էին գրում հիվանդանոցից, տեղափոխվում էին տուն ու ամբողջ ընտանիքը ստիպված պարալիզացվում էր, որովհետև դա բարդ խնամք ու բուժում է պահանջում»,- ասում է Զինվորի տան տնօրենը: Նրա խոսքով, կենտրոնն արդեն թույլ կտա, որ ծանրագույն գանգուղեղային վնասվածքով, ինչպես նաև ոչ գանգուղեղային, բայց ծանր վիճակում գտնվող տղաները, որոնք պետք է նախկինում մնային վերակենդանացման բաժանմունքներում և բաց թողնեին վերականգնողական բուժման առաջին ՝ ամենակարևոր փուլը, այժմ արդեն հնարավորություն կունենան այս բաժանմունքում անցնելու այդ ընթացքը.

«Ծանր հիվանդները կտեղափոխվեն այնտեղ և վերակենդանացման բաժանմունքում նրանց հետ կիրականացվի պասիվ վերականգնողական բուժում: Կկարողանանք կանխարգելել հետագա բարդությունները, պառկելախոցերը, մի շարք այլ խնդիրները»,- նշում է Մինասյանը:

Նա տեղեկացնում է, որ բաժանմունքը մինչև 20 տարբեր ծանրության աստիճանի հիվանդների կարող է ընդունել այժմ՝ կա 10 մահճակալ ինտենսիվ թերապիայի համար և ևս 10 մահճակալ ավելի ծանր, բայց ինտենսիվ թերապիայի ցուցում չունեցողների համար:

Այն, որ այս բաժանմունքը անհրաժեշտություն է, փաստում է նաև բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ, ռեաբիլիտոլոգ Արամ Նավասարդյանը:

2020 թվականի պատերազմը բերեց հիվանդների մեծ հոսք

2020 թվականի պատերազմն ի տարբերություն 2016-ի Ապրիլյանի ու 2020 թվականի հուլիսի դեպքերի՝ հիվանդների մեծ հոսք առաջացրեց: Վիրավորում ստացածների շրջանում ամենահաճախը հանդիպում էին գլխի հրազենային վիրավորման դեպքերը:

«Նման դեպքերում հիվանդները երկարատև բուժման կարիք են ունենում և մի մասն էլ վեգետատիվ ստատուսի մեջ է գտնվում»,- ասում է բժիշկն ու բացատրում, որ վեգետատիվ ստատուսի դեպքում անձն ունենում է ցածր գիտակցական մակարդակ՝ չի հասկանում ոչինչ և միայն պահպանված են լինում որոշակի ռեֆլեքսներ, մշտապես գտնվում են պառկած վիճակում և միայն շնչում են՝ անգամ կուլ տալն ու հազալը պետք է լինի ռևմատոլոգի օգնությամբ: Վեգետատիվ հիվանդները «ինկուբատորային» վիճակի մեջ են գտնվում և իրենք բնության մեջ ինքնուրույն չեն կարող գոյատևել 1-2 օրից ավելի: Իսկ խնամքի պարագայում հայտնի չէ՝ նրանք որքան կարող են ապրել, բայց Նավասարդյանը դեպք է նշում, երբ զինվորը 2009 թվականից մինչ օրս վեգետատիվ ստատուսի մեջ է և մոր խնամքի ներքո է գտնվում:

Այսօրինակ վիճակում գտնվող հիվանդները պետք է մշտապես լինեն մասնագետների հսկողության տակ, այնինչ մինչ օրս նրանք վերակենդանացման բաժանմունքներից դուրս են գրվել և տնային խնամքի են անցել:

«Մենք դիմել ենք Առողջապահության նախարարությանը՝ նման  հիվանդների համար պետական պատվեր ստանալու համար: Պետպատվերի շրջանակներում պետությունն ամբողջ հոգսը վերցնում է իր վրա՝ այդ թվում  ֆինանսական, որովհետև նման հիվանդ անգամ հիվանդանոցների համար է դժվար պահել, ուր մնաց ընտանիքների: Այսինքն այդ ընտանիքներն ամբողջությամբ կարողանում են իրենց հոգսը՝ գոնե նյութական ու ֆիզիկական մասով հանձնել Զինվորի տանը»,- ասում է հաստատության  տնօրենը:

Արամ Նավասարդյանն էլ է նշում, որ վերականգնողական բուժումը թանկարժեք է, սակայն բժիշկը մեկ մտահոգություն է հայտնում, որ եղել են դեպքեր, երբ հարազատներն արտասահմանում գտել են այլ բժշկական կենտրոններ և իրենց հիվանդներին տեղափոխել են այդտեղ, սակայն հետագայում տեղեկություն են ստացել, որ ոչ մի փոփոխություն չի եղել:

«Գլխի հրազենային վիրավորումից եթե անցնում է մոտ 6 ամսից 1 տարի ու գիտակցական մակարդակը չի վերականգնվում, արդեն ախտորոշվում է վեգետատիվ ստատուս և այդ դեպքում միայն պահանջվում է խնամք: Այդ օրգանիզմը հիմնականում չի դառնում այն ինչ-որ եղել է: Այստեղ միայն մնում է խնամքի միջոցով երկարացնել կյանքը»,- ցավով նշում է Նավասարդյանը:

Նրա խոսքով , այս բաժանմունքի բացման գաղափարն այն է եղել, որ բոլոր կենտրոններից այդ հիվանդներին հավաքեն մի տեղ, և հատուկ խնամքն իրականացնենք՝ ավելի արդյունավետ եղանակով: Բաժանմունքում հավաքված են մի քանի պրոֆիլի մասնագետներ՝ ռեանիմատոլոգներ, վերականգնող բժիշկներ, լոգոպեդներ և հոգեբաններ: Բացի այդ  բաժանմունքը Միքայելյան համալսարանական հիվանդանոցում է գտնվում, այսինքն ցանկացած պահի հնարավորություն կլինի իրականացնել բազմապրոֆիլ հետազոտություն և բուժում:

«Հիմնական թիմը նախկին և ներկա զինվորական բժիշկներն են, որոնք երկար տարիներ աշխատել են զինվորական հոսպիտալում, փրկել են տղաների կյանքերը և հիմա զորացրվել են կամ դեռ շարունակում են գտնվել զինվորական ծառայության մեջ, սակայն համատեղությամբ նաև ուզում են օգնել Զինվորի տան տղաներին»,- ասում է Հայկուհի Մինասյանը անդրադառնալով բաժանմունքում մասնագետների ընտրության հարցին:

Իսկ բժիշկ Արամ Նավասարդյանը  մեզ հետ զրույցում  խոսում է այն գաղափարի մասին, որը ստիպել է զինվորական հոսպիտալիսց բացի, նաև այստեղ օգնություն տրամադրել զինվորներին.

«Այստեղ բժիշկները եկել հավաքվել են մի գաղափարի շուրջ, իսկ դա այն է, որ մենք էլ, որպես հայ պետք է ամենալավն անենք, ու եթե երիտասարդները պատրաստ են իրենց կյանքը տալ հայրենիքին, ինձ թվում է, որ հայրենիքն է ամենալավն ու ամենաառաջինը զինվորին պետք է տա ու խնամի»,- ասում է բժիշկը:

  • Կիսվել: