ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. կասկածյալը առևտրի կրպակից զենքի սպառնալիքի տակ հափշտակել էր գումար ու ծխախոտ

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. կասկածյալը առևտրի կրպակից զենքի սպառնալիքի տակ հափշտակել էր գումար ու ծխախոտ

Երեկ՝ մարտի 21-ին, զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Հարությունյանն ու ավագ քննիչ Մանուկյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել անհայտ տղա, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ: Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է, նա նմանատիպ այլ գործողություններ արած լինի և այդ ամենը պարզելու նպատակով իրավապահները աշխատում են: 

  • Կիսվել: