ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ժողովուրդ կա, բայց քիչ  է․ քաղաքում, կարելի է ասել, դատարկություն է. Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

Ժողովուրդ կա, բայց քիչ է․ քաղաքում, կարելի է ասել, դատարկություն է. Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

«Սպասողական վիճակ է, որ կռիվը վերջանա։ Բոլորն էլ դա են ուզում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց  Լուգանսկում  ստեղծված ներկա իրավիճակը հայ համայնքի ղեկավար Վարդան Հայրապետյանը։ 

«Լուգանսկում ներկա դրությամբ խաղաղ է, կրակոցներ  չկան»,- նշեց Հայրապետյանը, հավելելով, որ Լուգանսկի այն հատվածը, որ շուրջ 8 տարի Ուկրաինայի տիրապետության տակ էր,կարծես թե, հետ է վերադարձվել տեղի զորքի և ռուսական ռազմական ուժերի օգնությամբ․ «Այս շրջանի ժողովուրդն էլ, որ 8 տարի Ուկրաինային կողմում է եղել,  շատ ուրախ է»։

Հայրապետյանին հարցրինք նաև, թե Լուգանսկից շատե՞րն են հեռացել վերջին օրերին․ «Ժողովուրդ կա,բայց քիչ  է։ Քաղաքում կարելի է ասել դատարկություն է»։

Քաղաքից հայ ընտանիքներ ևս հեռացել են, մասնավորապես՝ կանայք և երեխաներ․  «Տղամարդիկ բոլորն էլ տեղում են»,- ընդգծեց Հայրապետյանը։ Իսկ հեռացողները հիմնականում Ռոստով են գնացել։ 

«Հայաստան գալու հնարավորություն չկա, թռիչք էլ  չկա»,- պատասխանեց Հայրապետյանը այն հարցին, թե կա՞ն հայեր, ովքեր Հայաստան են եկել և տեղյակ են, որ Հայաստանը հեշտացրել է երկիր մուտք գործելու ընթացքը Ուկրաինայի մեր հայրենակիցների համար․  «Տեղյակ են, բայց ցանկություն էլ չկա, մեր կողմից էլ ինչ օգնություն պետք է հասցնում ենք»։ 

Խոսելով գնդակոծությունների, ավերածությունների մասին՝ մեր զրուցակիցն ասաց․ «Քաղաքի կենտրոնական հատվածներում ավերածություններ չկան,  առաջին գծի մոտակա գյուղերում եղել է, սկզբի օրերին Ուկրաինայի կողմից կրակում էին։ Խաղաղ բնակչության շրջանում սկզբի օրերին զոհեր էլ են եղել, տներ էլ են պայթեցվել։ Զոհերի թվում հայեր, փառք Աստծո, չկան»։ 

Մեր զրուցակցի խոսքով,Լուգանսկում այժմ պարենի և սննդի խնդիր չկա, խանութներն էլ աշխատում են։ Քաղաքում կա  ինտերնետ կապի խնդիր․ «Ինտերնետ կապն է կտրվում։ Բայց տներում, գրասենյակներում և գազալցակայաններում կա», - ամփոփեց Վարդան Հայրապետյանը։ 

 

  • Կիսվել: