ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով։

Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ:

Աշխատաժողովն անցկացվում է արդեն 3-րդ տարին, և այս տարվա խորագիրն է «Ներառական կրթություն»։

«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Իսկ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է»։

Փոխնախարարը հատկապես կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների դերը, որոնք ծնվում են կրթական համակարգի անմիջական մասնակիցների ջանքերով և բերում են փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։

Ժաննա Անդրեասյանը աշխատաժողովի անցկացումը արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն է հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին և դրանք կյանքի կոչելուն։

Նշենք, որ այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, և բանախոսությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին։ Մինչև հուլիսի 4-ը ներառյալ՝ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։

  • Կիսվել: