շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի վերանորոգման աշխատանքների ընթացքին

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի վերանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում հետևելու իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուների հետ, որոնք ներկայացրել են կատարված աշխատանքների ընթացքը և հետագա գործողությունների պլանը։ Նշվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի․ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։

  • Կիսվել: